Բաքվում, որտեղ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հետ սահմաններում մինչ այժմ օգտվում էին արտասահմանցի դիպուկահարների ծառայություններից, որոշել են պատրաստել սեփական դիպուկահարներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի զորահավաքի եւ զինակոչի պետական ծառայության «Ռազմահայրենսիրության եւ մասնագետների պատրաստման կենտրոն» ընկերությունում այսօր բացվել է Ադրբեջանի զինված ուժերի համար դիպուկահարների, կապավորների եւ անկարգելորդների պատրաստման դասընթացներ: Այդ դասընթացները կկազմակերպվեն նաեւ Ադրբեջանի շրջաններում գտնվող ընկերության բաժանմունքներում: Յուրաքանչյուր բաժանմունքում կսովորեն 30 զինակոչիկներ:
Դիպուկահարների պատրաստման դասընթացները կանցնեն Բաքվի Սաբունչիի եւ Նասիմիի շրջանների բաժանմունքներում, կապավորներ կպատրաստեն Բաքվի, Բինագադիի, Զաքաթալայի, Շաքիի բաժանմունքներում, անկարգելորդներ' Բելոքանի բաժանմունքում:
Ներկայում հիշյալ ընկերությունն զբաղվում է Ադրբեջանի ԶՈւ եւ օրենքով նախատեսված այլ կազմավորումների համար խոհարարների, վարորդների, ինչպես նաեւ այլ մասնագետների պատրաստմամբ: