Հայաստանի Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին ԱԺ ամբիոնից ռեպլիկի կարգով հակադարձեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

 

«Բնական և սպասելի էր, որ հերթական անգամ երկրում գոյություն ունեցող խնդիրները, մարդկանց դժգոհությունը, պրոբլեմները լուծելու ուղղությամբ մեր կողմից կատարվող քայլերը, թեկուզև ցավոտ, բայց, այնուամենայնիվ, լուծում գտնելու նպատակով կատարվող, բոլորի համար ընդունելի, իրական, առաջ տանող և խութերը վերացնելուն ուղղված քայլերը մեր ընդդիմությունը պետք է օգտագործեր ևս մեկ անգամ սեփական «PR»-ն անելու, երկրի բոլոր մեծ ու փոքր, հին ու նոր տնտեսական և քաղաքական, այս օրինագծի հետ կապ ունեցող ու չունեցող բոլոր հարցերը հնչեցնելու, բարձրաձայնելու, ոչ թե այն խնդիրը, որ այսօր առկա է լուծելու համար, այլ փողոց դուրս եկած դժգոհ հատվածին ցույց տալու համար , որ իրենք կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Նաղդալյանը:

 

Նրա խոսքով' քննարկման ժամանակ ինչի մասին ասես, որ արդարացի բորբոքված չխոսեցին, դասեր տվեցին, տնտեսական խնդիրն անխնա քաղաքականացրեցին, հենց իրենց հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածություններն անտեսեցին:

 

«Վերջում լավ էր հիշեցին, որ երկրի վարչապետը, ինչպես միշտ, ականջալուր և պատրաստակամ մասնակցեց ԱԺ նախագահի մոտ իրենց հետ խորհրդակցությանը և եկան պայմանավորվածության: Հետևաբար, ինչի՞ համար են այս բոցաշունչ ելույթները, երբ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել, և հենց Ձեր մասնակցությամբ՝ սեղմ ժամկետում խնդրի լուծումը տան»,- նկատեց ԱԺ փոխնախագահը' ավելացնելով, որ սա անհասկանալի է հանրության համար: