Իտալիայում ՀՀ դեսպանության և Էմիլիա Ռոմանիա նահանգի Փոքր և միջին ձեռնարկությունների դաշնության նախաձեռնությամբ Բոլոնիայում գտնվող Դաշնության կենտրոնակայանում հունվարի 29-ին կայացել է Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով, որին մասնակցել են նահանգի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 30-ից ավելի փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Դաշնության նախագահ Պաոլո Գովոնին և արտաքին կապերի պատասխանատու Իզաբելլա Անջիուլին: Նրանք իրենց խոսքում կարևորել են նման միջոցառումների անցկացումը՝ հույս հայտնելով, որ այն իր նպաստը կբերի Հայաստանի և Էմիլիա Ռոմանիա նահանգի փոքր և միջին ձեռնարկատերերի միջև կապերի ու համագործակցության հաստատմանը:

 

Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և դեսպանության աշխատակից Սոնյա Կիարոտոն համաժողովի մասնակիցներին ներկայացրել են Հայաստանի տնտեսական իրավիճակն ու ներդրումային դաշտը, զարգացման ծրագրերն ու մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսության զարգացման նոր հնարավորությունները:

 

Դեսպան Ղազարյանի և արտաքին կապերի պատասխանատու Իզաբելլա Անջիուլիի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել Դաշնության անդամ փոքր և միջին ձեռնարկատերերի առաքելություն Հայաստան:

 

Միջոցառման ավարտին դեսպանը պատասխանել է իտալացի գործարարների հարցերին, ինչպես նաև հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին' Հայաստանի տնտեսական հնարավորությունների վերաբերյալ: