Ինչպես տեղեկացրել էինք քիչ առաջ մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը։
Խորհրդաժողովը բացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին՝ հրավերն ընդունելու համար, Գագիկ Ծառուկյանն իր ելույթում մատնանշել է մի շարք խնդիրներ, որոնց լուծումն անհրաժեշտ է Հայաստանը ծանր վիճակից դուրս բերելու համար:
«Մարդկանց համբերության բաժակը լցվել է: Անկառավարելի հզոր ալիք կարող է բարձրանալ, առաջիկայում էլ՝ հզոր հանրահավաքներ են լինելու մարզերում և Երևանում: Երկրի խնդիրների նկատմամբ իշխանության անտարբերությունը, խնդիրները չնկատելը դարձել է ընդունված գործելաոճ։ Երկրում հաստատված է անպատասխանատվության մթնոլորտ, ինչը քաղաքացիներին հուսախաբ է անում: Պետք է ձևավորել արդյունավետ կառավարման համակարգ, ոչ մի քաղաքական ուժ չպետք է մենաշնորհ դիրք ունենա»,- ասաց Ծառուկյանը:
Վերջինս նշեց, որ դեկտեմբերին, երբ եղան դոլար-դրամ տատանումները, ժողովուրդը և գործարարները խուճապի էին մատնվել: Իսկ դա, ըստ Ծառուկյանի՝ իշխանության հանդեպ վստահության պակասի հետևանքն էր:
«Դա կարելի է ասել վստահության ճգնաժամ էր: Իշխանության ձայնը հստակ և համոզիչ չէր: Ամենակարևորն է հանգստացնել ժողովրդին: Նմանատիպ ցնցումները կարող են վերածվել իշխանության ճգնաժամի»,- ասաց Ծառուկյանը:
Ի դեպ, Ծառուկյանը նշեց նաև, որ Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանությունների դաշտում, բայց ժամանակն անսահման չէ: