Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն իր պարտականություններին անցնելուց առաջ տեսաբլոգի միջոցով ողջունել է հայ ժողովրդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանն իր ողջույնի խոսքը սկսում է հայերենով: «Ողջույն, ես Ռիչարդ Միլսն եմ՝ Հայաստանի Հանրապետությունում Ամրիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը »,- ասել է Միլսը:
Այնուհետև դեսպանը նշել է, որ 22 տարի առաջ իրեն պատիվ վերապահվեց լինել ամերիկացի առաջին դիվանագետը, ով զբաղվելու էր Միացյալ Նահանգների ու նորանկախ Հայաստանի հարաբերություններով:
«Իմ դիվանագիտական գործունեության ընթացքում ես հետո աշխատել եմ աշխարհի շատ երկրներում, սակայն երբեք չեմ դադարել հետևել զարգացումներին ձեր երկրում: Ես ուրախությամբ հետևել եմ Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև ամուր գործընկերության ձևավորմանը թե' պետական, թե' ժողովուրդների մակարդակով: Ես հպարտանում եմ այն բազմաթիվ հայերով, ովքեր մասնակցել են ամերիկյուն կրթական, մշակութային ու մասնագիտական ծրագրերին:
Եվ ինձ համար ոգեշնչող է նրանց ներդրումը Հայաստանի քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքում: Որպես դեսպան՝ ես կշարունակեմ հայ-ամերիկյան այնպիսի գործընկերության ձևավորումը, որը կարող է ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, բարեկեցությունը, ինչպես նաև անվտանգութփյունը: Նաև սիրով կլսեմ ձեր գաղափարներն այն մասին, թե ինչպես կարող ենք առավել հարստացնել մեր գործընկերությունը: Ուրախ կլինեմ, եթե նման գաղափարներ ու մտքեր ներկայացնեք Twitter-ում՝ դրանք ուղղելով #BarevRick Mills-ին: Անպայման փոխանցեք ինձ հետ ձեր խոհերը»,- հորդորել է Միլսը:
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում լինելու է իր տիկնոջ՝ Լեյի հետ միասին: «Ողջույն, մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ հանդիպմանը: Ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթը Հայաստան կատարած իր այցից հետո, 50 տարի առաջ գրեց. «Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ այսքան հրաշալիքներ չես գտնի»: Անհամբերությամբ սպասում ենք, թե երբ կարող ենք տեսնել Հայաստանի հրաշալիքները, իսկ ամենաշատը սպասում ենք ձեզ հետ աշխատելուն»,- ընդգծել է Միլսը՝ իր ողջույնի խոսքը կրկին եզրափակնելով հայերենով. «Կհանդիպենք շուտով»: