Արվեստագետն ու հոգևորականը կարևոր են համարում ոչ միայն Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման պահանջը, այլև դրա պատճառների ուսումնասիրությունը: Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 100-րդ տարելիցը պետք է լինի հարցեր ուսումնասիրելու, վերլուծելու, դասեր քաղելու առիթ:

 

«Այս օրերին մենք խոսում ենք Ցեղասպանության հետևանքները վերացնելու մասին, բայց բացարձակապես չենք խոսում դրա պատճառները վերացնելու մասին, քանի որ Ցեղասպանության վտանգը մշտապես կա»,- ասաց նա' հավելելով, որ դասերից մեկն այն պետք է լինի, որ հայ ժողովուրդն իր հույսըդնի ոչ թե այլոց, այլ սեփական ուժերի վրա:

 

Ռուբեն Բաբայանի խոսքով' դժվար է արվեստի գործը կապել որևէ իրադարձության և որոշակի տարելիցի հետ, քանի որ պատվերով ստեղծվում են հիմնականում վատ գործեր: «Պետք է փորձել ստեղծել արվեստի գործ, որի չափանիշները լինեն արվեստի ոլորտից, ոչ թե քաղաքականության»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց արվեստագետը:

 

Մայր Աթոռի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն էլ համաձայնեց, որ պատճառների մասին խոսելը դեռևս նկատելի չէ, ինչը պիտի դեռ տարիներին առաջ լիներ: «Միգուցե վախենում ենք պատճառների մասին խոսել, դրանք հնարավոր է դրական ցուցիչներ չպարզեն մեր առջև տարբեր հարթությունների վրա:

 

Եթե մարդիկ մշակույթի միջոցով ցանկանում են Հայոց ցեղասպանության երևույթն արտահայտել, այդուհանդերձ հստակ ռազմավարությամբ, պայմանների միջոցով պետք է դրանք ստեղծվեն: Դա ընդհանուր գաղափարախության մեջ պետք է դիտարկվի»,- նշեց Բագրատ Սրբազանը:

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին' Բագրատ Սրբազանը անհրաժեշտ համարեց հատկապես մշակութային իմաստով այն պատգամների փոխանցումը, որոնք վերաբերում են մեր պահանջներին: «Երբ խոսվում է «Այլևս երբեք»-ի մասին, դա կոնկրետ բանաձև է, այն զուտ գեղեցիկ արտահայտություն չէ, այլ ծրագիր և մտածողություն է պարունակում: Պարզապես «Այլևս երբեք»-ի ենթադրվող շերտերը չենք վերհանում»,- եզրակացրեց հոգևորականը:

 

Բանախոսները համակարծիք էին, որ պետք է ստեղծել նոր համախմբող գաղափար, որի շուրջ պետք է հավաքվի ողջ հայությունը: