Թուրքիայի խորհրդարանում, որը հայտարարում է, թե օրենքներ է մշակում կանանց դեմ բռնությունները կանխելու համար, սեռական ոտնձգության սկանդալ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, թուրքական խորհրդարանի Ծառայությունների վարչության պատասխանատու Ա.Չ.-ն զուգարանում փորձել է բռնաբարել հավաքարարուհուն: Ամուսին չունեցող երկու երեխաների մայրը դեպքի առնչությամբ բողոքել է վերադասին, ինչից հետո Ա.Չ.-ին աշխատանքից հեռացրել են:
Կինը պատմել է, որ Ա.Չ.-ն իր նկատմամբ նման փորձ արել է նաև ժամանակ առաջ, սակայն, վախենալով, որ կարող է զրկվել աշխատանքից, ինքը ոչ մեկին այդ մասին չի հայտնել: Կինն ասել է, որ այս անգամ որոշել է հայտնել, քանի որ գտնում է, որ իր նկատմամբ բռնությունը կարող է շարունակվել:
Թերթը գրում է, որ Թուրքիայի խորհրդարանում սեռական բնույթի գործողություններ նախկինում էլ են գրանցվել: Ծառայությունների վարչության տղամարդ աշխատակիցներից մեկը բռնաբարել էր խորհրդարան վերապատրաստման եկած մի կնոջ: Բացի այդ, երկու աշխատակիցներ էլ զբաղեցրած պաշտոններից հեռացվել են աշխատանքի ընդունելու պատրվակով կաշառք վերցնելու և խարդախության համար: