Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի առաջարկում է ճարտարագիտական մասնագիտական գործունեությունը կարգավորող օրինագիծ ընդունել:

 

«2010թվականին ճարտարարապետների հետ միասին ճարտարագիտական մասնագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագիծ մշակեցինք, որը հանրային քննարկումներից հետո 2011թվականին ներկայացրեցինք Ազգային ժողով, որտեղ տեղի ունեցան կադրային փոփոխություններ և օրինագիծը այդպես էլ մնաց օդում կախված -«Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ փետրվարի 7-ին կայացած հանդիպմանը հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը և հավելեց, որ այդ օրինագծի համաձայն' յուրաքանչուր ճարտարապետ ինքն է պատասխանատվություն կրում նախագծում թույլ տված օրենքի խախտումների համար, այլ ոչ թե քաղաքապետարանը կամ գլխավոր ճարտարապետը: «Նմանատիպ օրենքի նախագծեր կան և Վրաստանում, և Ռուսաստանում և այլ երկր ներում»,-նշեց նա:

 

 

Նա նշեց, որ քաղաքաշինական հանձնաժողովը 5-6 տարի առաջ մշակեց Երևանի գլխավոր հատակագիծը, սակայն դրանից հետո իրականացված բոլոր նախագծերը կատարվել են ի հեճուկս այդ փաստաթղթի: «Քաղաքաշինական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված գրեթե բոլոր նախագծերին մենք բացասական եզրակացություն ենք տվել, սակայն դա չի հանդիսացել խոչընդոտ դրանք կյանքի կոչելու համար»,-ընդգծեց բանախոսը:

 

 

«Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերում ճարտարապետ Լևոն Վարդանյանի «Հին Երևան» նախագծին, Քալաշյանն ասաց հետևյալը. «Երեք տարի առաջ քաղաքաշինական հանձնաժողովը, որի անդամն եմ նաև ես, գնացինք Լևոն Վարդանյանի մոտ'էսքիզը տեսնելու և բոլորս բացասական վերաբերմունք արտահայտեցինք, քանի որ այդ նախագիծը չէր համապատասխանում, ինչպես քաղաքաշինական, այնպես էլ ճարտարապետական և հուշարձանների պահպանման խնդիրների առումներով:

 

Դրանից հետո' վերը նշված նախագիծը ներկայացվեց տարբեր ատյաններ, որից հետո քաղաքապետարանը «Հին Երևան » նախագծի համար նախատեսված հանրային հողատարածքները վաճառեց մասնավոր սեփականատիրոջը, որը մտադրություն չուներ իրագործելու այդ նախագիծը և իմ ունեցած վերջին տվյալներով մի շվեյցարացի ներդրող ցանկանում է իրագործել այդ նախագիծը»,-նկատեց Քալաշյանը:

 

 

Անդրադառնալով Լենինի արձանի պատվանդանի փոխարեն նոր կառույց ստեղծելու չարչրկված թեմային'նա նկատեց, որ այդ պատվանդանը ի սկզբանե ընդհանրապես պետք չէր քանդել: «Ես կարծում եմ, որ ներկա դրությամբ մենք այն ֆինանսական վիճակում չենք, որպեսզի մտածենք այդ հարցի մասին»,-«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, նշեց Սաշուր Քալաշյանը:

 

 

Մի քանի տարի առաջ «Հին Երևան» նախագծի հեղինակները խոսում էին Ռուսաստանից ներդրողների հետաքրքրության մասին, հետո «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունն էր «Հին Երևանը» կառուցելու պարտավորություն ստանձնել։ Հետագայում ՀՀ կառավարությունը պայմանագիր է կնքել շվեյցարաբնակ գործարար Վարդան Սրմաքեշի հետ, ով այդ նախագծի իրագործմանը նախատեսում է տրամադրել 120-150 միլիոն դոլար։