Թուրքիայի ամոթն է այն, որ ուղիղ մեկ դար առաջ հնագույն ժողովուրդներից 1,5 միլիոն մարդու կյանքը խլվեց, շուրջ այդքան մարդ դիմեց աքսորի և ստիպված եղավ հայրենիքից հեռանալ: Իսկ այժմ նրանք նռան հատիկների նման սփռվել են աշխարհի չորս կողմում: Մենք ցանկությունն է, որ այս ամոթի հետ այլևս ոչ մենք ապրենք, ոչ էլ Ցեղասպանությունը չճանաչող երկրները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց օրերս օտարերկրյա պետություններին ապրիլի 24-ին Չանաքքալեի փոխարեն Երևան այցելելու կոչը ստորագրած թուրքական կազմակերպություններից մեկի' Իզմիրի ասորիների ընկերության և համագործակցության հարթակի խոսնակ Զեյնեփ Թոզդումանը:
«Արևն այլևս չենք կարող կավով ծեփել, ծեփն արդեն թափվում է: Թափվող ամեն տեղից էլ արյուն է կաթում: Իմացեք, որ ժխտելն ու չտեսնելը ևս մի ցեղասպանություն է: Եթե մենք այսօր դարձել ենք առանց գերեզման մնացած դիակների ձայնը, ապա դա այն պատճառով է, որ ցանկանում ենք, որ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվի և նրանք խաղաղությամբ հանգչեն»,- խոսելով կոչին միանալու իրենց որոշման մասին' ասաց նա: Անդրադառնալով այն փաստին, որ պաշտոնական Անկարան ի պատասխան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղարկած հրավերի հայաստանյան ղեկավարությանը հրավիրեց ապրիլի 24-ին Չանաքքալե' «միասին հարգելու Չանաքքալեի զոհերի հիշատակը»' Թոզդումանը փաստեց, որ դա պարզապես տգեղ տակտիկական քայլ է եղել:
«Թուրքիայի այս պատասխանը մեր որակմամբ մանիպուլյացիայի է ենթարկում պատմությունը, ցույց է տալիս, որ ժխտողականության և ստի ինստիտուտը դեռ գերիշխող է: Այս պատասխանը որակելով որպես Ցեղասպանության հարյուրերորդ տարում զոհերի և նրանց թոռների նկատմամբ անարգանք' մենք այդ խորամանկության դեմ մեր կոչով փորձեցինք դիմել Ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին և նրանց խղճին»,- ասաց խոսնակը: Նա փաստեց, որ իմպերիալիստական շահերի հետևանքով 1915 թվականին մեծ ցեղասպանության դեմ անձայն մնացած պետություններն այսօր էլ գաղութային և առևտրական հարաբերությունների պատճառով շարունակում են լուռ մնալ:
«Մենք՝ որպես Իզմիրի ասորիների ընկերության և համագործակցության հարթակ, ստորագրել ենք այդ հռչակագիրը, քանի որ ցանկանում ենք, որ այսուհետև ոչ այս հողերում, ոչ էլ աշխարհի ինչ-որ անհայտ երկրում ցեղասպանություններ չլինեն: Մեր կոչը լռությանը վերջ տալու, «Արդեն բավական է» ասելու համար է: Ցեղասպանության հարյուրերորդ տարում համառորեն և հաստատակամորեն սպասում ենք, որ ներողություն խնդրվի 1915 թվականի Ցեղասպանության զոհերի՝ հայերի, ասորիների, պոնտոսցի հույների համար»,- ասաց ոզդումանը: Նա նշեց, որ մինչ ապրիլի 24-ին մնացել են հաշվված օրեր, ՄԻԵԴ-ում ընթանում էր Փերինչեքի դատավարությունը, որտեղ վերջինիս ղեկավարած Աշխատավորական կուսակցության համագործակցությունը երկրի իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների հետ հիշեցրեց «Իթթիհաթ վե Թերաքքի»-ի («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) գործողությունները:
«Այս երկրում մեզ նման մտածողների խիղճը հարյուր տարի է' վիրավոր է, մենք այլևս չենք ցանկանում այս ամոթի, այս ցավի հետ ապրել: Որպես Իզմիրի ասորիների ընկերության և համագործակցության հարթակ՝ մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ այստեղից ձայն տալ Թուրքիայում բնակվող բոլոր ժողովուրդների խղճներին' ժխտողականությամբ և ստերով խաղաղության ձեռքը սեղմել հնարավոր չէ: Այս երկրում, որտեղ ցանկացած տեղից, ուր ոտքդ դիպչում է, ոսկորներ են դուրս գալիս, խաղաղություն լինել չի կարող: Ցավերով և արցունքներով ջրվող հողերում մարդկությունը չի ծաղկի: Հարթակի և անձամբ իմ անունից այս հողերի հնագույն ժողովուրդներից և տերերից՝ ցեղասպանություն ապրած հայերից, ասորիներից, պոնտոսցի հույներից մեծ մարդկության առաջ ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում:
Խիղճ ունեցող ցանկացած պետության և մեր երկրի մարդկանց ապրիլի 24-ին հրավիրում ենք ոչ թե Չանաքքալե, այլ Երևան՝ Ցեղասպանության հուշահամալիր: Այս մեծ մարդկային հանցագործության դեմ աչք փակելն ու այն անտեսելը նշանակում է նոր ցեղասպանություններ հրահրել: Եթե ցանկանում եք, որ ինչ-որ մի օր այս ամենը ձեր հետ էլ չպատահի, նախ և առաջ խառնեք ձեր ձայնը 1915 թ. զոհերի թոռների ձայնին»,- իր կոչը հղեց Իզմիրի ասորիների ընկերության և համագործակցության հարթակի խոսնակ Զեյնեփ Թոզդումանը:
Հարցազրույցը Արաքս Կասյանի