ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը քաղաքական դաշտը մաքրելու նոր գործընթացի սկիզբն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Նախագահի ելույթի հիմնական մեսիջն այն էր, որ այսուհետ Հայ աստանում քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական դեմքեր, ու ես, համոզված եմ, որ նման հայտարարության պատճառը դարձան Գագիկ Ծառուկյանն ու նրա գործունեությունը, բայց, այնուամենայնիվ, այդ մոտեցումը հետզհետե կամրագրվի նաև քաղաքական դաշտում գործող այլ անձերի նկատմամբ: Չեմ բացառում նաև Հանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ տեղավորվեն քաղաքական այդ նոր մոտեցման մեջ և հեռանան քաղաքականությունից ու զբաղվեն միայն գործարարությամբ: Կարծում եմ' հիմնական մեսիջն այս է, ու նախագահը բավական անկեղծ էր իր հայտարարությունների մեջ, նա ընդունեց մեղքի իր չափաբաժինը, նա մի քանի այդպես բացահայտող հայտարարություներով հանդես եկավ»,-նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով հարցին, թե ներքաղաքական դաշտում ինչ զարգացումների ականտեսը կլինենք' Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ակնհայտորեն նոր պայքար է սկսվելու, որը կընթանա երկու կողմերի' ՀՀԿ և ԲՀԿ, նախատեսվող ծրագրերի ուղղությամբ: «Այս պայքարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խնդիր ունի ապացուցելու բոլոր այն հայտարարույթունների ճշմարտացիությունը, որ մինչև այսօր հնչել են իրենց քաղաքական լիդերների շուրթերից: Մեկ անգամ չէ, որ նրանք նշել են, որ ունեն սոցիալական մեծ աջակցություն և քաղաքական լուրջ լծակներ: Կարծում եմ' ՀՀԿ-ի հիմնական խնդիրներից մեկը ԲՀԿ-ի համար ստուգատես կազմակերպելն էր, ցույց տալ հասարակությանը, որ այդ կուսակցությունն իրականում չունի այն ռեսուրսները, որի մասին մշտապես բարձրաձայնում է: Իհարկե, կլինեն քաղաքական սուր զարգացումներ, ԲՀԿ առաջնորդին զրկել են անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, սա արդեն բավական խոսուն է: Նախատեսվում է նրան մանդատից զրկելու գործընթացը սկսել: Կարծում եմ, որ այդ ամենը տեղի է ունենալու բավական արագ տեմպերով: Գործընթացի երկարությունը կախված կլինի ԲՀԿ ռեսուրսներից ու նրանց հաշվարկների իրատեսությունից, ուժերի ճիշտ գնահատումից: Այսօր կլինի ԲՀԿ քաղխորհդի նիստ, կարծում եմ, որ այնտեղ կերևա մոտավորապես պատասխան գործողությունների հնարավոր վեկտորը, ինչ են պատրաստվում անել»,-նշեց քաղաքագետը:
Փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստին Սերժ Սարգսյանը խոսել է երկրի ներքաղաքական կյանքի մասին: «Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը Գագիկ Ծառուկյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: