Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը փետրվարի 11-ին մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված 1988-1990թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերին, ինչպես նաև հետագայում անկախ Արցախի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին' սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Լեռնային Ղարաբաղ: Հայկական ջարդերին հաջորդած սերունդը, խաղաղության հաստատման մարտահրավերն ու ժողովրդավարության զարգացումը» վերնագրով միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ դեսպանության դիվանագետները, Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցիչներ, ԱՄՆ Կոնգրեսական Ֆրենկ Փալլոնը, այլ կոնգրեսականների գրասենյակների ներկայացուցիչներ, Ադրբեջանից հայ փախստականներ, լրագրողներ, Ամերիկայի հայկական համայնքի անդամներ:

 

 

Բացման խոսքով հանդես է եկել գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալլոնը իր ելույթում դատապարտել է Ադրբեջանում հայ ազգաբնակչության ջարդերը, ընդգծել ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտությունը և Արցախին ամերիկյան օգնության շարունակական տրամադրման կարևորությունը:

 

 

Միջոցառման հիմնական բանախոսներն էին ամերիկահայ իրավաբան, Բաքվից փախստական Աննա Աստվածատրյան-Տուրկոտը, ով անդրադարձել է Բաքվի հայերի ջարդերին ու հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոճրագործություններին, ինչպես նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջապահության դպրոցի դասախոս, դոկտոր Ալինա Դորյանը, ում ելույթը նվիրված էր Արցախին տրամադրվող ամերիկյան օգնությանն ու ԼՂՀ առողջապահության համակարգին վերաբերող մի շարք խնդիրներին: Կարճ ելույթներով հանդես են եկել նաև մի խումբ նախկին հյ փախստականներ:

 

 

Միջոցառման ավարտին ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը երախտագիտություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ընդգծելով ադրբեջանահայության նկատմամբ իրականացրած հանցագործության դատապարտման անհրաժեշտությունն ու Արցախի զարգացման կարևորությունը: