Թուրքիայում բնակվող արաբները որոշել են քաղաքական կուսակցություն ստեղծել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական HaberTurk հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է կուսակցություն ստեղծելու աշխատանքների կոորդինատոր, «Բեյթ Նահրեյն արաբ-արամեական միության» խոսնակ Միմ Յավուզ Բինբայը:
Նա ասել է, որ իրենք բաց են Թուրքիայի բոլոր քաղաքական կուսակցությունների համար եւ կարող են համագործակցել նրանց բոլորի հետ, բացի «Ազգայնական շարժում» կուսակցությունից:
Բինբայն ասել է, որ արաբ-արամի ժողովուրդները հարյուրավոր տարիներ շարունակ ձուլման են ենթարկվում Թուրքիայում: Նշելով, որ Թուրքիայում ներկայում 8 մլն արաբ-արամիներ են բնակվում, Բինբայը հայտնել է, որ քաղաքական կուսկացություն ստեղծելու իրենց նպատակներից մեկն էլ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքի պահանջն է:
«Կուսակցություն ստեղծելով մենք ցանկանում ենք ժողովրդավարական հիմունքներով բարձրացնել մեր ժողովրդի պահանջները, վերադարձնել մայրենի լեզվով կրթություն ստանալու մեր իրավունքը», -ասել է նա:
Բինբայը համոզմունք է հայտնել, որ նորաստեղծ կուսակցությունը հունիսին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում կստանա 8 մլն արաբների գոնե 2 տոկոս ձայները, որով կկարողանա դաշինքի մեջ մտնել նման իրավունքներ պահանջող այլ կուսակցությունների հետ եւ ներկայացված լինել խորհրդարանում: