Սահմանամերձ Ճամբարակ քաղաքը եւս ընդգրկված է այն 32 բնակավայրերի ցանկում, որոնց բնակիչների համար ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ սահմանել է սոցիալական աջակցության տրամադրում, որի շրջանակում, ի թիվս այլ արտոնությունների, նախատեսվում է որոշակի փոխհատուցում սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, փետրվարի 13-ի դրությամբ արդեն ամբողջությամբ հաշվառված են սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի չափաքանակները, որոնց չափով էլ կատարվում են հաշվանցումները: «Յուրաքանչյուր բաժանորդի տրվում է 180 խորանարդ մետր բնական գազի սպառման փոխհատուցման իրավունք: Եթե բաժանորդը հունվարին սպառել է սահմանված 360 խորանարդ մետր գազի չափը, ապա նրան արդեն տրվում է 50 տոկոս փոխհատուցումը ողջ տարվա կտրվածքով, հենց փետրվար ամսից:
Իսկ եթե բաժանորդը հունվարին եւ հետագա ամիսներին սահմանված չափից նվազ գազ է սպառել, փոխհատուցում կստանա իր ծախսածի չափով: Նույնը վերաբերում է նաեւ սպառած էլեկտրաէներգիային, որի համար չափաքանակ է սահմանված սպառված էլեկտրաէներգիայի 1440 կիլովատ ժամի 50 տոկոսը»,-նշեց քաղաքապետը: Ճամբարակցիները, ըստ քաղաքապետի, արդեն էականորեն զգում են կառավարության սոցիալական աջակցության դրական ազդեցությունը:
Խոսրով Խլղաթյան