ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության, ինչպես նաև BRICS երկրների հետ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) առողջապահության բնագավառում առկա և հնարավոր համագործակցությանը:
Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել հայ-ռուսական երկարամյա համագործակցությունն առողջապահական ոլորտում, ինչի վկայությունն է նաև 2014 թվականին Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակության ժամանումը Հայաստան:
Նախարարը պատահական չի համարել, որ Վերոնիկա Սկվորցովան բազմիցս նշել է Ռուսաստանում երկար տարիներ բնակվող և առողջապահության համակարգի տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող անվանի բժիշկների տեղի և դերի կարևորությունը: «Մենք մշտապ ես պատրաստ ենք նոր ծրագրեր կյանքի կոչելու ռուս գործընկերների հետ' ընդլայնելով համագործակցությունը»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Որպես Ռուսաստանի հետ համագործակցության լավագույն օրինակ' նա մատնանշել է համատեղ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագիրը, որի շրջանակում ռուսական կողմը Հայաստանին տրամադրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, ինչպես նաև շարժական բժշկաախտորոշիչ համալիր' մոբիլ կլինիկա: «Նման մոբիլ կլինիկաները նպաստում են հատկապես հեռավոր մարզերում, բարձր լեռնային գոտիներում բնակչության անհրաժեշտ բժշկական օգնության ապահովմանը», ընդգծել է առողջապահության նախարարը:
Նրա գնահատմամբ' BRICS երկրների աջակցությամբ ՀՀ լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների արդիականացման խնդիրը լուծելը կարևոր ծրագրային մոտեցում է առողջապահության բնագավառի համար:
Արմեն Մուրադյանը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության հետ համագործակցության ընդլայնում է տեսնում նաև շտապ բուժօգնության ծառայության զագացման և արդիականացման, դեղագործության բնագավառում համատեղ կլինիկական հետազոտություններ իրականացնելու, տեղեկատվության միասնական էլեկտրոնային համակարգի ուղղություններում: Որպես հեռահար նպատակ' նախարարն առաջարկել է ռուս-սլավոնական համատեղ բժշկական կենտրոնի հիմնումը, որը հնարավորություն կտա երկու երկրի մասնագետներին ներդնել առողջապահական ոլորտÕ « լավագույն փորձն ու նորագույն տեխնոլոգիաները:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն ներկայացրել է BRICS երկրների հետ առողջապահության բնագավառում հնարավոր համագործակցությունը:
BRICS երկրներից ՀՀ առողջապահության նախարարությունն առավել ակտիվ համագործակցում է Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ: Այս երկրների հետ կան ստորագրված առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին միջգերատեսչական համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր, գործողության պլաններ, որոնք իրավական հիմք են ստեղծել փոխշահավետ գործակցության համար:
Ամփոփելով հանդպումը' նշվել է, որ ծրագրերը և առաջարկները կդիտարկվեն և կընդգրկվեն BRICS երկրների հետ համագործակցության ծրագրային առաջարկների փաթեթում: