Ադրբեջանի կենտրոնական բանկի երեկվա հայտարարությունից հետո այն մասին, որ ԿԲ-ն հրաժարվում է մանաթի կուրսը կապել դոլարի հետ, Բաքվի բնակիչները սկսել են զանգվածաբար ազատվել ազգային արժույթից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ բաքվեցիներն արդեն հասցրել են ձեռք բերել քաղաքի բոլոր փոխանակման կետերում եղած դոլարի եւ եվրոյի ամբողջ պաշարը: Նշվում է նաեւ, որ Բաքվում եւ Ադրբեջանի բոլոր շրջաններում արտարժույթի փոխանակման կետերը դադարեցրել են դոլարի եւ եվրոյի վաճառքը:
Ադրբեջանի ազգային արժույթի' մանաթի կուրսը պահպանելու համար միայն 2015 թվականի հունվարին այդ երկրի Կենտրոնական բանկը մոտ 1,2 մլրդ դոլար է ծախսել:
«Թուրան» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, որը հանդիսանում է այդ երկրի պետբյուջեի հիմնական դոնորը, չի վստահում ազգային արժույթին' մանաթին, եւ այդ է պատճառը, որ հիմնադրամի ներդրումային պորտֆելում ազգային արժույթի տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 1,1 տոկոս:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: