Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին օրերի արտաքին քաղաքական քայլերը, որոնք ուղղված են հայության հիմնախնդիրների միջազգայնացման բարելավմանը:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման գաղափարա-քաղաքական պատասխանատու Արմեն Ավետիսյանը նշել է, որ Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականներն այն ուժերից էին, որոնք տարիներ առաջ, ի սկզբանե դեմ էին հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրմանը:

 

 

«Այդ ընդդիմական գործընթացը ծնեց մի նախաձեռնություն, քաղաքական-գաղափարական դաշինք, որտեղ ավելի քան 20 կազմակերպություններ, այդ թվում՝ խորհրդարանական ուժեր Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը, միավորվեցին ընդդեմ հայ-թուրքական կոչված արձանագրությունները կյանքի կոչելուն: Ինչպես հայ արիականների, այնպես էլ այս նախաձեռնության դեմ հանդես եկող ուժերի հիմնական մտավախությունն այն էր, որ Անկարան, օգտվելով այդ շահագրգռվածությունից, կփորձի հայ-թուրքական հարաբերությունները վերածել հայ-թուրքական մի պայմանագրի, որտեղ թուրքերը ոչ մի պարտք ու պարտավորություն չեն ունենա Հայաստանի եւ հայության նկատմամբ: Ակնհայտ էր, որ թուրքերը կշահարկեն նաեւ իրենց կրտսեր եղբայր ադրբեջանցիների խնդիրները:

 

 

Այդպես էլ եղավ՝ Անկարան նախապայմաններ առաջ քաշեց ինչպես Հայոց ցեղասպանության հարցը փակելու, այնպես էլ Արցախը եւ ազատագրված տարածքները Ադրբեջանին կրկին հանձնելու առումով»,- ասել է Արմեն Ավետիսյանը: Նրա խոսքով'սրանք բացահայտ նախապայմաններ էին սահմանը վերաբացելու համար, ինչին ոչ մի խիստ պատժամիջոց չհետեւեց Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից, որոնք էլ շահագրգրռ կողմերն էին:

 

 

«Բայց պետք է խոստովանել, որ չնայած այս իրավիճակին, երբ միջազգային ճնշում կար, եւ թուրք-ադրբեջանական դիվանագիտական խաղերին, որով հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները փաստացի հայ-թուրք-ադրբեջանական եռակողմի էին վերածել, Հայաստանը չհամակերպվեց այս իրավիճակի հետ, եւ պաշտոնական Երեւանը կարողացավ ճկուն ու պատասխանատու քայլերով կասեցնել այդ ամենը: Ընթացքում էլ հետեւեց հայկական կողմի փաստարկված մեկնաբանությունը՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման տապալման պատասխանատու դարձնելով թուրքական կողմին»,- ընդգծել է Ավետիսյանը:

 

 

Նրա դիտարկամբ' սա կոտրեց այն թյուր կարծիքը, թե թուրքական դիվանագիտությունը հզոր է, քան՝ հայկականը: «Այսպես՝ պաշտոնական Երեւանը միջազգային պայմանավորվածությունները խախտելու պատասխանատու ճանաչել տվեց Անկարային, ինչը քաղաքական ակնառու հաղթանակ է, հատկապես որ հակառակ սպասումը կար»,- նշել է Ավետիսյանը:

 

 

Հայ Արիական Միաբանությունն այս առումով իր խոսքն ասել է նախագահ Սերժ Սարգսյանին, շնորհավորելով ծանր իրավիճակում դիվանագիտական հաղթանակը ապահովելու համար: «Այժմ վերջին սպասված քայլն է իրականացվում՝ այդ արձանագրությունների հետկանչման հետ կապված, ինչի համար շնորհավորական խոսք ենք հղում բոլորիս: Սերժ Սարգսյանը երկրի Ազգային ժողովից հետ է կանչում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները՝ նշելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախերի բոլոր հնարավոր տարբերակները:

 

 

Պատրաստ են եղել ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չի ունեցել հայկական կողմը: Այսպես փաստվեց, որ Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը թուրքական խաղեր են բացառապես»,- նշել է Ավետիսյանը:

 

 

Փետրվարի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: