Հայաստանում էլեկտրոնային ստորագրություն ակտիվ օգտագործողների թիվը 70-80 հազար է: Այս քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվելու էլեկտրոնայնացված տարբեր ծառայություններից, այդ թվում' էլեկտրոնային քաղաքացի հարթակից, որտեղ առկա է քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստը, ինչին հնարավոր է ստանալ ծանուցումներ պետության կողմից: Իրականացվող այս և առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ) ՓԲԸ տնօրեն Արթուր Ղուլյանի հետ:
Ստորագրել բջջային հեռախոսով
ԷԿԵՆԳ-ը քայլեր է անում, որպեսզի էլեկտրոնային ստորագրություններ հնարավոր լինի զետեղել բջջային հեռախոսի միջոցով: Ինչպես Արթուր Ղուլյանը հավաստեց, ներկայում բանակցում են Հայաստանում գործող բջջային օպերատորների հետ, որպեսզի վերոնշյալը հնարավոր լինի պետություն-մասնավոր հատված համագործակցության հիմքով: «Օպերատորների հետ հանդիպել ենք ու բավական առաջընթաց ունենք: Տեխնոլոգիական առումով պատրաստ ենք, բայց պետք է մասնավորը ներդրումներ կատարի, նշանակում է' բիզնես-մոդել մշակելու անհրաժեշտություն կառաջանա: Հիմա այդ ուղղությամբ բանակցու թյուններն են ընթանում, գործընթացը պետք է իրականանա բոլոր օպերատորների մասնակցությամբ' նրանց համար հավասար պայմանների ապահովմամբ»,-ասաց ԷԿԵՆԳ-ի տնօրենը:
Ինտեգրացիոն կապուղի
2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդակցությամբ պայմանավորված' ԷԿԵՆԳ-ը ստեղծել է մի ենթակառուցվածք' իտեգրացիոն կապուղի, որը ռուսական գործընկերների օգնությամբ տեղադրվել է ՀՀ կառավարության շենքում: «Դրա հիմնական նպատակը նրանում է, որ Հայաստանի մի շարք համակարգեր, օրինակ, մաքսային գերատեսչությունը, գնումների համակարգերը, կապուղու միջոցով ինտեգրվեն ԵՏՄ միասնական համակարգերին: Միության անդամ երկրներում կան տարբեր ազգային ստանդարտներ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մշակվում է միասնական հարթակ ու այդ կապուղու միջոցով ազգային ստանդարտների ֆորմատը կձևափոխվի միասնական ձևաչափի: Ինտեգրացիոն կապուղին IBM հարթակի վրա է մշակված և հետագայում ընդլայնվելու հնարավորություն կտա : Եթե Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի համար այլ ուղղություններով ինտեգրվելու հարց առաջանա, հնարավորություն ունենք ընդլայնվելու»,-հայտնեց Արթուր Ղուլյանը:
Էլեկտրոնային գնումներ. գնահատումը հասանելի է, գործընթացը' թափանցիկ
ԷԿԵՆԳ-ի կողմից հաջողությամբ իրականացված ծրագիր է էլեկտրոնային գնումների համակարգը: «Գնումներն անցկացվում են երկու' բաց և շրջանակային ընթացակարգերով: Մոտ 2 հազար 500 մրցույթ կայացել է, բոլոր պետական մարմինները իրականացրել են գնումները այդ հարթակի միջոցով, որը էականորեն բարելավել է իրավիճակը ոլորտում: Այն ավելի թափանցիկ է դարձել, նոր համակարգը մի կողմից' մրցույթի արդար իրականացման գործիք է, մյուս կողմից էլ' հեշտ կիրառելի է»,-փաստեց Արթուր Ղուլյանը: Նրա խոսքով' համակարգի օգնությամբ հնարավոր է ձևավորել մրցութային փաթեթն ոÖ ‚ այն ուղարկել պատվիրատունին: «Գնահատումը հասանելի է, գործընթացը' թափանցիկ, դուք կարող եք տեսնել' ինչ խնդիրներ են առաջանում ընթացքում»,-ավելացրեց զրուցակիցը:
Ընթացիկ աշխատանքներից ամենակարևորների շարքում է Էլեկտրոնային առողջապահության համակարգի և հեռաբժշկության ծրագրի ներդրումը:
Չեք վազի տարբեր գերատեսչություններ. ծառայությունների «մեկ պատուհան»
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին' Արթուր Ղուլյանը նշեց, որ նախորդ տարի ընդունված էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրով սահմանված է այն հիմնական ուղղությունը, ըստ որի' պետք է ծառայությունները գործեն մեկ ինտեգրված հարթակում: «Այսինքն' մենք ունենանք միասնական փոխգործելիության ստանդաարտներ, որ բոլոր գոյություն ունեցող էլեկտրոնային համակարգերը տեխնիկական, անվտանգության, բովանդակային տարրերով ինտեգրվեն ու քաղաքացուն ծառայություն մատուցենք մեկ պատուհանից: Լինի միասնական հարթակ, որ քաղաքացիները կարողանան ստանալ ծառայությ ունները առանց վազվզելու տարբեր գերատեսչություններ կամ տարբեր պորտալներում չփնտրեն այս կամ այն ծառայությունը»,-ասաց Արթուր Ղուլյանը:
Նրա հավաստմամբ' միասնական հարթակի ստեղծումը նախատեսված է 2015-2016թթ.-ին, իսկ ստանդարտների, իրավական ակտերի մշակումը' 2015-ի երրորդ, չորրորդ եռամսյակներում: «Ապահովվելու է տեղեկատվական անվտանգությունը, բոլոր ծառայությունների համակցումը և դյուրին մատուցումը քաղաքացիներին: Դրա շրջանակում մենք մի շարք ծրագրեր ենք նախատեսել: Համաշխարհային բանկի աջակցությամբ' փորձագիտական կառույցը մեզ օժանդակելու է, որ փոխգործելիության ստանդարտները լինեն միջազգային նորմերին համապատասխան, որոնք կարողանանք լավագույնս իրականացնել Հայաստանում: Նախագծելու է այն տեխնոլոգիական պլատֆորմը, որի հիման վրա պետք է կառուցվի Հայաստանի համակարգը»,-տեղեկացրեց ԷԿԵՆԳ-ի ղեկավարը:
Հարթակի ստեղծման աշխատանքներում հայ ծրագրավորողների մասնակցության մասին հարցին' Արթուր Ղուլյանը պատասխանեց. «Հարթակի ստեղծումը լինելու է առանձին մրցույթով, մինչ դա մենք պետք է կառուցենք ճարտարապետությունը, մշակենք տեխնիակական այն պահանջները, որոնց պետք է համապատասխանի հարթակը: Կարծում եմ' մրցույթները կլինեն բաց, բոլորն էլ կարող են մասնակցել: Հիմնականում, եթե անգամ մեզ մոտ գալիս է միջազգային կազմակերպություն, միշտ գործընկեր է ընտրվում տեղական կազմակերպություն, քանի որ դա անհրաժեշտ է, որ տեղական փորձն ու գիտելիքները փոխանցվեն&raqu o;,-ասաց Արթուր Ղուլյանը:
Ինչ վերաբերում է նույնականացման քարտեր կիրառողներին, ապա զրուցակցի խոսքով' էլեկտրոնային ծառայությունների ավելացմանը զուգահեռ, շատանում են նաև նույնականացման քարտերից օգտվողները, քանի որ առանց վերջինի հնարավոր չի լինի օգտվել այդ ծառայություններից: Ծառայությունների էլեկտրոնայնացմանը զուգահեռ զգայուն են դառնում կիբեռանվտանգության հարցերը, որոնք ևս ԷԿԵՆԳ-ի ուշադրության կենտրոնում են:
Կլինի՞ ԷԿԵՆԳ Արցախում
«Իսկ որքանով է հավանական, որ ԷԿԵՆԳ-ը Արցախում ևս գործունեություն կծալավի». հարցին Արթուր Ղուլյանը պատասխանեց. «Միշտ մտածել ենք այդ մասին, բայց դեռ կոնկրետ պլաններ չունենք, կուզենայինք համագործակցել, բայց քանի որ մենք կոմերցիոն կազմակերպություն ենք, պետք է նաև որոշակի պլան կազմենք, որ կարողանանք ընդարձակվել»:
Անի Նազարյան