Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագրով մեկնարկել է Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցումը: Կենտրոնի ստեղծման գործում առկա հիմնախնդիրները քննարկելու համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ անցկացվել է հանդիպում, որին մասնակցել են ծրագրում ներառված բոլոր գերատեսչությունների ղեկավարները:

 

«Մենք ժամանակի խնդիր ունենք։ 100 տոկոս բաժնետոմսերից բացի մեզ պետք է հստակ տեղեկատվություն տրվի նաև առկա բոլոր խնդիրների մասին, որպեսզի հնարավորինս արագ դրանց լուծման քայլեր ձեռնարկվեն»,-ասել է նախարարը' հավելելով, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծումը խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում ուռուցքային հիվանդությունների արդյունավետ ախտորոշումը և բուժումը միջազգային չափորոշիչներով իրականացնելու գործում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (նախկին) գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը և Գագիկ Միրիջանյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտ րոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանը մանրամասն քննարկել են կենտրոնի հետագա կառուցման և սարքավորումներով հագեցման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։

 

Նախարարը կարևորել է նախագծային-նախահաշվային, ֆինանսավորման, շինարարական աշխատանքներում առկա խնդիրների և թերությունների գույքագրումն ու դրա հիման վրա լուծման ճանապարհների հստակեցումը։ Նա հանձնարարել է ձևավորել նոր խորհուրդ' նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի նախագահությամբ և մինչև շաբաթվա վերջը հրավիրել խորհրդի նիստ' ներկայացնելով աշխատանքային պլան։ Առաջարկվել է խորհրդում ընդգրկել նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)։

 

Կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքային հիվանդությունների բուժում վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, այդ թվում' բարձր դեղաչափային, ճառագայթային, իմունաթերապևտիկ, հորմոնային, ռադիոիզոտոպային, պրոտոնային թերապիայի մեթոդներով և այլն, ինչպես նաև ռադիոիզոտոպների արտադրություն: