Երեկ «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիս ծրագրի շրջանակներում նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հանցագործ էր անվանել ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին և նշել, թե զարմանում է՝ ինչու իշխանությունները նրան չեն գտնում և պատասխանատվության ենթարկում:
Այս առիթով զրուցեցինք հացադուլավորին միացած նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ՝ պարզելու, թե Վանո Սիրադեղյանին միշտ իր ընկերը համարելով՝ կշարունակի՞ արդյոք հացադուլ անել մի մարդու հետ, ով իր ընկերոջը հանցագործ է համարում, այն դեպքում, երբ Վ. Սիրադեղյանի մեղքը դատարանում ապացուցված չէ:
«Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում Շ. Հարությունյանը նշեց, որ չի կիսում Անդրիաս Ղուկասյանի կարծիքը, բայց կշարունակի հացադուլը, քանի որ համաձայն է նրա ներկայացրած պահանջի երկու կետերի հետ:
«Դա իր կարծիքն է, ես Վանոյին լավ եմ վերաբերվել ու էլի լավ եմ վերաբերվում, իսկ Անդրիասը իր կարծիքն է հայտնում: Եթե նա այդպիսի բան գիտի, կարող է ճշտել՝ կա՞ն այդպիսի փաստեր, թե՞ ոչ. դա իր իրավունքն է:
Ինչ-որ իմաստով՝ այո՛, Վանոյին ինձ ընկեր եմ համարում, բայց դա ի՞նչ կապ ունի: Նախ՝ ես չգիտեմ, թե Անդրիասն ինչ հիմքեր ունի այդպես ասելու. դա ինքը գիտի, և ինձ չի հետաքրքրում: Երկրորդ՝ ընդհանրապես մենք Անդրիասի հետ ընկեր չենք եղել, որ ինձ ասես՝ ընկերությունը կշարունակե՞ս Անդրիասի հետ, թե՞ ոչ: Ուղղակի ինքը քաղաքացի է, ես էլ եմ քաղաքացի: Հիմա ես էլ կարող եմ մեկ ուրիշի վերաբերյալ այդ կարծիքն ունենալ, ինքը՝ ոչ, կարող եմ հայտնել իմ կարծիքը, որը նրան դուր չգա:
Ես այնքա՜ն մարդկանց հետ կարող եմ տարբեր կարծիք ունենալ և միևնույն ժամանակ դուրս գալ պայքարի»:
Մեր այն հարցին՝ շարունակելո՞ւ է հացադուլը, թե՞ իրեն փոխարինող է բերելու՝ ինչպես նախկինում էր խոստացել, պատասխանեց. «Կարող է՝ ես չթողնեմ այդ տղային, վաղն իմ ասած ժամանակահատվածը լրանում է, և ես պետք է կողքից նայեմ իմ արարքի արդյունավետությանը: Եթե անհրաժեշտ լինի, կարող է իմ ընկերը ինձ փոխարինել, էլի ընկերներ կան, որ կարող են միանալ: Օրինակ՝ երեկ տղաներ եկան, ինձ ծխախոտ էին բերել. կա ինչ-որ մարդկանց խումբ, բայց չգիտեմ՝ հասարակության գիտակցությունը ձևավորելու համար բավարա՞ր է, թե՞ ոչ:
Ես պետք է դուրս գամ, այստեղ ոչ լուրերին եմ կարողանում հետևել, ոչ մի բանի, դուրս կգամ, ընկերներիս հետ կխորհրդակցեմ, որպեսզի կարողանամ որոշում կայացնել՝ այդ քայլն ինչ-որ արդյունք տվե՞ց, թե՞ ոչ, արժեք ունե՞ր, թե՞ ոչ»:
Նախկին քաղբանտարկյալը համամիտ է Անդրիաս Ղուկասյանի հետ, որ այս ընտրությունները շինծու են, և Սերժ Սարգսյանի թեկնածությունը պետք է անվավեր ճանաչել:
«Այդ դիտորդական առաքելության մեջ շատ ռուս գործակալներ են ներկայացված, և ես միանշանակ դեմ եմ նրանց այստեղ մնալուն:
Ընդհանրապես՝ ես հեղափոխության կողմնակից եմ, ինքը՝ ոչ, ես միայն նրա առաջադրած այդ երկու կետի հետ եմ համաձայն: Պետք է հեղափոխություն անել Հայաստանում և Ռուսաստանից կտրվել: Իսկ թե Անդրիասը ինչպես է ուզում անել՝ ինձ համար երկրորդական է»:
Մեր այն հարցին, թե փետրվարի 18-ին կայանալիք նախագահան ընտրություններում իր ձայնը կտա՞ Անդրիաս Ղուկասյանին, Հարությունյանն ասաց. «Ես ասում եմ՝ Հայաստանում չկան ընտրություններ, ես ո՞նց գնամ այդ շինծու ընտրություններին: Չեմ գնալու ընտրություններին, բայց նրանց, ում համար թանկ են ազատությունը, անկախ արժեքները՝ թող գնան և Պարույր Հայրիկյանին ընտրեն»,- խորհուրդ տվեց Շանթ Հարությունյանը: