Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի հրամանով ղպտիների եկեղեցի կկառուցվի Լիբիայում սպանված 21 եգիպտացիների հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, նոր եկեղեցին կկառուցվի ալ Մինա մարզում: Կառավարությանը հանձնարարվել է տարածք տրամադրել եկեղեցու կառուցման համար:

 

 

Եկեղեցու կառուցման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երկար տարիներ Եգիպտոսում, որտեղ 80 միլիոն բնակչության 10-ը տոկոսը քրիստոնյաներ են, օրենքով արգելված էր նոր եկեղեցի կառուցել: Դեռ Հոսնի Մուբարաքի իշխանության տարիներին ղպտիները փորձել են եկեղեցի կառուցելու թույլտվություն ստանալ, սակայն դա նրանց չի հաջողվել:

 

 

21 ղպտիների հանդեպ «Իսլամական պետության» հրեշավոր արարքը մեծ աղմուկ է բարձրացրել ողջ աշխարհում: Եգիպտոսի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրն իրեն իրավունք է վերապահում պատասխան հարված հասցնել իր քաղաքացիների սպանության համար: Սպանությունից հետո եգիպտական օդուժը հարվածներ է հասցրել Լիբիայի Դերնա քաղաքում ԻՊ-ի հենակետերի ուղղությամբ՝ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների:

 

 

Ավելի վաղ ԻՊ-ն համացանցում հրապարակել էր 21 ղպտիների սպանության տեսանյութը: