Գիրք ընթերցելը ժամանակակից է, գիրքն էլ լավագույն նվերն է՝ ցանկացած տոնին: Վերջին տարիներին ընթերցանության և գրքերի նկատմամբ հետաքրքրությունն աճել է. գրականագետները, գրախանութների ղեկավարներն ու ընթերցասերները փաստում են՝ Գիրք նվիրելու օրը տոն է բոլորի համար: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին ավանդաբար անցկացվող տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և մեծ արձագանք է գտել հանրության շրջանում:

 

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը վստահ է՝ տոնին ընդառաջ շատ մեծ ակտիվություն է նկատվում, և յուրաքանչյուրը տոնին յուրահատուկ ձևով է պատրաստվում: «Լավ է, որ մարդիկ միմյանց գրքեր են նվիրում: Այս տոնն արդեն ամրագրվել է մեր հասարակության մեջ որպես Գիրք նվիրելու օր, և մարդիկ հաճույքով նշում են այն: Տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում. միայն 12 միջոցառման են ինձ հրավիրել, կարելի է ասել, որ տոնի գիտակցությունն արդեն առկա է, և տոնը մեծ ժողովրդականություն է սկսել վայելել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արքմենիկ Նիկողոսյանը:

 

Գրականագետի խոսքով՝ երբ տարիներ առաջ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը որոշեց, որ փետրվարը 19-ը կդառնա Գիրք նվիրելու օր, նման բազմազան և լավ գրքեր չկային, և մարդիկ ստիպված բուկինիստական գրքեր էին նվիրում կամ էլ ընդհանրապես չէին նվիրում: «Այսօր մեր գրահրատարակչական դաշտը լեցուն է բազմաթիվ հրաշալի գրքերով, և տոնը նորովի է իմաստավորվում: Տոնի ժողովրդականությունը կապում եմ այն փաստի հետ, որ վերջին տարիներին Հայաստանում շատ լավ գրքեր են հրատարակում»,- նշեց նա:

 

«Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը ողջունում է Գիրք նվիրելու օրը և փաստում, որ տոնը դարձել է ավանդական և մեծացել է դրա ընդգրկվածությունը: «Իհարկե, դրան նպաստեց նաև այն, որ դպրոցներում էլ երեխաները գրքեր են նվիրում իրար: Մեծերն էլ են իրար նվիրում: Հաճելի է, երբ մարդիկ իրար գրքեր են նվիրում»,- նշեց նա: Խաչիկ Վարդանյանի խոսքով՝ այս օրերին գրախանութում մեծ շարժ է նկատվում. մարդիկ գալիս են գրքեր գնելու:

 

«Արդեն փորձ ունենք և նախապատրաստվում ենք տոնին, տեսականին ավելի շատացնում ենք, որպեսզի ոչ մի գնորդի չմերժենք և տրամադրենք ցանկացած գիրք»,- հավալեց նա՝ ընդգծելով, որ գրախանութը նաև տոնի առթիվ տոնական միջոցառումներ է կազմակերպելու:

 

Երիտասարդ գրող Նարեկ Կիրակոսյանի համոզմամբ էլ՝ տոնը նպաստում է, որ ընթերցասերների շրջանում աշխույժ վիճակ ստեղծվի: «Դպրոցներում երեխաներն սկսում են իրար գրքեր նվիրել, և այդ մշակույթը մեր հասարակություն է ներթափանցում: Գիրքն, ինչքան էլ ապրանք լինի, հոգևոր և մշակութային արժեք է: Իմ կարծիքով՝ գիրք գնողները միշտ քիչ են եղել: Շատ եմ նկատել նաև, որ հաճախ ձևական գիրք են գնում՝ ուղղակի ցուցադրելու համար, բայց կան մարդիկ, որ շատ են սիրում գրականությունը, և գնում են գրքեր, որոնցով հետաքրքրվում են, անգամ ձեռք են բերում համացանցի միջոցով»,- նշեց նա:

 

ՀՀ Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը' փետրվարի 19-ը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի առթիվ ամեն տարի կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: