Գործադիր իշխանության ներկայացուցիչները ևս միանում են գիրք նվիրելու օրվան: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր անձնական կայքում գրառում է կատարել ու նշել, որ միանում է գիրք նվիրելու արշավին: «Արդեն որքան ժամանակ է մայրաքաղաքի տարբեր հատվածներում զգուշացնող ցուցանակներ են փակցված «Գիրք կարդալը մոդայիկ էր: Սկզբում անհարմարության զգացում առաջացնող այդ զգուշացումը տարակուսելի էր: Հետո, երբ համամետություն անցկացրի տարբեր ժամանակներում ընթերցանությունը քարոզող ձևերի հետ, հիշեցի Խորհրդային տարիները: Այն ժամանակների քարոզչությունը, թերևս, հանճարեղ լուծում էր գտել ՝ ստեղծելով «ՍՏԵՆԿԱ» կահույքը, որի ճակատային հատվածում մի քանի դարականի գրապահարանն էր: Կահույքի տերերը ուզած-չուզած գրապահարանը լցնում էին գրքերով…

 

Մեր օրերում տեղեկատվական հոսքը, ինտերնետը և կողմնակի այլ զբաղմունքներ աննկատ դուրս են մղել գիրքն առօրյայից: Իհարկե, կան բազմաթիվ էլեկտրոնային գրադարաններ, մասնագիտական գրականության ահռելի ծավալ է տեղադրված ինտերնետում: Սակայն, այս ամենով հանդերձ ես, օրինակ, նախընտրում եմ կենդանի ընթերցանությունը՝ ոչ վիրտուալ գիրքը:
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն քանի տարի է Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր:

 

Օրվան ընդառաջ ևս մեկ անգամ փաստում եմ, որ մեր ազգի գիրք կարդալու բարի ավանդույթը վերականգնելու անհրաժեշտությունը մեծ է: Ողջունելի է, որ փետրվարի 19-ին մեծ աշխուժություն է նկատվում գրախանութներում, հավատում եմ, որ անգամ այս դարում էլ է հնարավոր վերականգնել գրքի հանդեպ հետաքրքրությունը՝ զերծ պահելով այն բոլոր տեսակի մրցակցություններից: Ի դեպ, ինքս պատրաստվում եմ այսօր մասնակից լինել գիրք նվիրելու արշավին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' գրել է նախարարը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտանն էլ ֆեյսբուքյան իր էջում, գրառում կատարելով, հիշեցրել է գիրք նվիրելու օրվա մասին: «Այսօր գիրք նվիրելու օր է: Պատրաստվում եմ ակտիվ մասնակցել: Շնորհակալ կլինեմ, եթե որևէ մեկի մտքով անցնի ինձ էլ գիրք նվիրել: Հ.Գ. «Վարդանանք» չբերել: Ունեմ»,-գրել է Աշոտյանը:

 

ՀՀ Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը' փետրվարի 19-ը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի առթիվ ամեն տարի կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: