Վրաստանի խորհրդարանը երրորդ, վերջին ընթերցմամբ հաստատել Է Քրեական օրենսգրքի ուղղումները, որոնք խստացնում են ընտանեկան բռնության համար սահմանված պատիժը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից մշակված օրինագծի օգտին միաձայն քվեարկել են 75 պատգամավորներ: Ուղղումներն ուժի մեջ կմտնեն նախագահի կողմից օրինագիծն ստորագրելուց 15 օր հետո, եւ այն կհրապարակվի «Օրենսդրական լրաբեր» կայքում:

 

Մասնավորապես, ուղղումներ կմտցվեն Վրաստանի ՔՕ 126-1 հոդվածում (Բռնությունն ընտանիքում):

 

«Ընտանիքի անդամներից մեկի բռնությունը մյուսի նկատմամբ, սիստեմատիկ վիրավորելը, շանտաժը, նվաստացումը, ինչը ֆիզիկական ցավ կամ տառապանք Է հարուցել, որոնց չեն հաջորդել 117 (Առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելը), 118 (Առողջությանը դիտավորյալ նվազ ծանր վնաս պատճառելը) կամ 120 (Առողջությանը դիտավորյալ թեթեւ վնաս պատճառելը) հոդվածներով նախատեսված հետեւանքներ, պատժվում Է 40-ից մինչեւ 150 ժամ հանրօգուտ աշխատանքով կամ մինչեւ 1 տարի ազատազրկմամբ»,-ասված Է ուղղումներում:

 

Վերոհիշյալ հանցագործությունները կանխամտածված հղի կնոջ, դեռահասի կամ անօգնական մարդու նկատմամբ կամ ընտանիքի դեռահաս անդամի, կամ երկու կամ ավելի անձանց ներկայությամբ, կամ բազմակի կատարելու դեպքում պատժվում Է 200-ից մինչեւ 400 ժամվա հանրօգուտ աշխատանքով կամ 1-ից մինչեւ 3 տարի ազատազրկմամբ:

 

Այս դեպքում ընտանիքի անդամներ են համարվում ամուսինները, մայրը, հայրը, պապիկը, տատիկը, հոգեզավակը, որդեգրված երեխան, որդեգրողը եւ նրա ամուսինը, ընդունող ընտանիքը, խնամակալը, քույրը, եղբայրը, թոռը, ամուսինների ծնողները, փեսան, հարսը եւ նախկին ամուսինները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր համատեղ վարում կամ վարել են ընդհանուր ընտանեկան տնտեսությունը: