Անկախության նախնական շրջանում, հասարակության փոխված բարոյահոգեբանական մթնոլորտի պայմաններում, շատ բան արժեզրկվեց, հատկապես' հոգևոր բնույթ ունեցող ոլորտները: Ցավոք, գիրքն ու գրականությունը դրանց շարքում առաջիններից էին, և Գիրք նվիրելու օրը ոչ միայն պետք է ունենար սիմվոլիկ նշանակություն, այլ նաև փորձեր հատկապես երիտասարդների մեջ վերականգնել գեղեցիկ սովորություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, փետրվարի 19-ին' Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը ավանդական Գիրք նվիրելու տոնի վերաբերյալ նման կարծիք արտահայտեց «Անտարես» հրատարակության գլխավոր խմբագիր գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Գիտակցենք, թե չգիտակցենք, ուզենք, թե չուզենք՝ Թումանյանը ենթագիտակցորեն տրոփում է մեր երակների մեջ իր ստեղծագործություններով, իր աշխարհով և տեսակով: Եթե լավ բան մնացել է մեր մեջ այս խառնակ ժամանակներում՝ դա Թումանյանի պատգամներից է. «Արևի պես նայեք աշխարքին»: Խորհրդանշական է, որ տարիներ առաջ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ հենց Թումանյանի ծննդյան օրը հայտարարվեց Գիրք նվիրելու օր», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:
Գրականագետի խոսքով' Թումանյանի ծննդյան օրը, որպես Գիրք նվիրելու տոն հայտարարելու առաջին տարիներին չկար այն ոգևորությունը, որն այսօր նկատելի է նույնիսկ նախատոնական օրերին, և միջոցառումները կրում էին զուտ սիմվոլիկ բնույթ: Գրականագետի կարծիքով, դրա պատճառներից մեկն այն էր, որ այն ժամանակ Հայաստանում քիչ էին տպագրվում որակյալ գրքեր, իսկ այսօր բարձրացել է Հայաստանում հրատարակվող գրքերի գեղարվեստական մակարդակն ու պոլիգրաֆիական որակը, շատացել են հայերեն թարգմանությունները:
Արքմենիկ Նիկողոսյանը նաև բարձր գնահատեց Գրքի օրվան ընդառաջ տարաբնույթ ակցիաների անցկացումը, որոնք առավել շատ իրականացվում են սոցիալական ցանցերում, ինչի շնորհիվ մարդկանց գիտակցության մեջ հաստատապես փոխում են վերաբերմունքը դեպի ընթերցանությունը:
«Անտարես» հրատարակության գլխավոր խմբագիրը հավելեց, որ գրքի նկատմամբ հետաքրքրության վերականգնման շնորհիվ կավելանան նաև գրքերի տպաքանակները, ինչի արդյունքում գրողները, թարգմանիչները հնարավորություն կունենան բարելավել իրենց սոցիալական դրությունը, և գրքերի գները հնարավոր կլինի նվազեցնել մի քանի անգամ:
Այս տարի «Անտարես» հրատակչության ամենամյա գրքի մրցույթը սոցիալական ցանցերում ունեցել է առավել մեծ արձագանք:
«Մրցույթին մենք ներկայացրել էինք մեր բոլոր լավագույն գրքերը սկսած ամենաթանկից' Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» գրքից, մինչև ամենամատչելի արժեք ունեցողը՝ Ռաֆայել Իշխանյանի «Հակոբ Մեղապարտը», - ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:
Նրա խոսքով՝ այս տարվա ակցիային մասնակցեց մոտ 100 հազար մարդ, ինչի արդյունքում միայն ամենաթանկ գիրքը շահեցին 8 հոգի, իսկ ամենամատչելի գիրքը'մեկ հոգի: Նա նաև հավելեց, որ ըստ իր դիտարկումների, երբ մարդիկ ուզում են նվեր ստանալ, ապա գնում են դեպի դասական գրքեր, իսկ զեղչով գնելու դեպքում՝ նախապատվություն են տալիս ժամանակակից թարգմանական գրականությանը: