Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս մեկ անգամ հստակեցրեց իր այն կարծիքը, թե ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը հանցագործ է և պետք է նրան գտնել ու պատասխանատվության ենթարկել: Մեր այն դիտարկմանը, թե այդ ինչու՞ և ինչի՞ց ելնելով է Վ. Սիրադեղյանին հանցագործ համարում, երբ նրա մեղքը նույնիսկ դատարանում ապացուցված չէ, Ա. Ղուկասյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, Վանո Սիրադեղյանը հեռացավ այստեղից, երբ դատ էր գնում, կարելի է ասել՝ դատարանի դահլիճից: Եթե չեմ սխալվում, Վանո Սիրադեղյանի դեմ քրեական գործ էր հարուցված, մեղադրանք էր առաջադրված, և սկսվել էր դրա դատավարությունը: Եվ եթե չեմ սխալվում, Վանո Սիրադեղյանը գերադասեց ոչ թե մասնակցել այդ դատավարությանը, այլ հեռանալ երկրից՝ դրանով իսկ ճանաչելով իր մեղքը:
Եթե որևէ քաղաքացի, ում մեղադրում են հանցանքի մեջ, դատարանից փախչում է, դա ի՞նչ է նշանակում: Ցանկացած մեղադրյալ, եթե դատարանից փախչում է, իր մեղքը մնում է անորո՞շ և ո՞չ ապացուցված: Ես գտնում եմ, որ ազնիվ մարդը երբեք իրեն ներկայացված մեղադրանքից չէր փախչի, նույնիսկ, եթե գտնում է, որ պետությունն իրեն անարդար է դատում. պատմությունը դա է ցույց տալիս: Նա, որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, չէր կարող փախչել, մանավանդ, երբ հանրությունը նրան էր վստահել մեր երկրի ճակատագիրը:
Կա Վանո Սիրադեղյանի կողմնակիցների խումբ, ովքեր իրենց կարծիքն ունեն. բոլորս պարտավոր ենք միակարծի՞ք լինել Վանո Սիրադեղյանի հարցում: Չեմ հարգում այն մարդուն, ով նման իրադրության մեջ Հայաստանը թողեց ու գնաց»:
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ մինչ այս երբեք չի մտածել Վանո Սիրադեղյանի մասին, ուղղակի հարց են տվել՝ պատասխանել է, բայց հատուկ այդ քաղաքական գործչի հանդեպ տեսակետ չի ունեցել մինչ այս:
Մեր այն դիտարկմանը, թե այն ժամանակ է՞լ էր Վանո Սիրադեղյանին հանցագործ համարում, երբ վերջինս իր կնոջը նվիրեց Սևանի ափին գտնվող «Ֆլամինգո» լողափը, Ա. Ղուկասյանն ասաց. «Վանո Սիրադեղյանը չի նվիրել: «Ֆլամինգո» լողափի տարածքը այդ ժամանակ բնապահպանության նախարարության հովանու ներքո գտնվող տարածք էր: Նա իր համար տարածք է վերցրել «Ֆլամինգո»-ի կողքը, հետագում դա ձեռքից ձեռք վաճառվել է:
1996 թվականին Անահիտ Թարխանյանը (Անդրիասի կինը) վարձակալեց 3 հեկտար տարածք «Ֆլամինգո»՝ լողափը կազմակերպելու համար, և Սիրադեղյանի հետ դա կապ չունի. ինչքան գիտեմ, դրա հարակից տարածքը Վանո Սիրադեղյանի հարազատներից մեկը վերցրեց»:
Հարցին՝ եթե Վանո Սիրադեղյանը հանցագործ է և մարդասպան, ինչո՞ւ իշխանությունները նրան չեն դատապարտում, պատասխանեց. «Իմ կարծիքով՝ քաղաքական որոշում էր՝ թույլ չտալ, որպեսզի դատ լինի Վանո Սիրադեղյանի գործողությունների հետ կապված: Խոսքը քաղաքական սպանությունների մասին էր. այն ժամանակ Հայաստանում տեղի են ունեցել տասնյակ սպանություններ, սպանվել են քաղաքական գործիչներ, և այս դատը պետք է ի հայտ բերեր Լևոն Տեր-Պետրոսյանի մտքի խոհանոցը՝ թե ինչպես են այդ մարդիկ հաստատվել մեր հանրությունում, ինչպես են ճանապարհը մաքրել՝ որպես գործիք»:
Զրույցի վերջում նախագահի թեկնածուն նշեց, որ իրեն լավ է զգում՝ երեկ անձրևի պատճառով ծանր էր, և ավելացրեց, որ հացադուլը կշարունակի մինչև ընտրությունների քվեարկության ամփոփումը: