Հայաստանում ներքին քաղաքական կայունություն ապահովելու իշխանությունների ջանքերը լիովին արդարացված են: Լրագրողների հետ փետրվարի 20-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: «Երկրում ներքաղաքական մթնոլորտի կայունությունը պետք է դրական գնահատել' հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում, քանի որ հակառակ պարագայում այլ երկրների կարևոր քաղաքական դեմքերին ապրիլի 24-ին Երևան հրավիրելու գործընթացը կբարդանար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նա:
Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ որոշմանը' Նավասարդյանն ընդգծեց, որ դա ճիշտ որոշում էր: «Մենք չպետք է մոռանանք, որ հետ է կանչվել ՀՀ Ազգային ժողովում հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու որոշումը, սակայն ստորագրությունները հետ չեն կանչվել, որը կարող է կատարվել միայն ներքին ճնշման արդյունքում և դա կլինի սխալ որոշում»,- նկատեց Բորիս Նավասարդյանը:
Նա հավելեց, որ այս պարագայում ծիծաղելի են Թուրքիայից հնչող դժգոհությունները, քանի որ իրենք նույնպես դեռևս չեն վավերացրել հայ-թուրքական արձանագրությունները: «Ներկա դրությամբ' մենք դիրքային քաղաքականության առումով ավելի շահեկան վիճակում ենք, քանի որ Հայաստանը 2008 թվականին աշխարհին ցույց տվեց, որ պատրաստ է նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- նկատեց նա:
2015 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն Սահակյան,
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվե լու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:
Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:
Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:
Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:
Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»: