Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 21-ի գիշերն ադրբեջանական կողմը կրկին դիմել է արյունալի սադրանքների՝ ձեռնարկելով դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Ինչպես տեղեկացնում է Voskanapat.info-ն, հայ զինվորները՝ դրսևորելով զգոնություն և ամբողջովին վերահսկելով սահմանին տիրող իրավիճակը, ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսանտներին և հետ շպրտել ելման դիրքեր:
Սեփական սադրանքների արդյունքում Ադրբեջանը կորցրել է ոչ պակաս, քան 4 զինվոր, կան վիրավորներ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն հաստատել է իր ոչնչացված զինվորներից մեկի՝ Ջավադով Զալիմհան Էյբալի մահը:
Հատկանշական է այն, որ հերթական արյունալի սադրանքին Ադրբեջանը դիմել է անմիջապես այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լքել են տարածաշրջանը: