Եզդիների Խդր Նաբիի և Խդր Այլասի' Սիրո տոնը կարևորագույններից է այս փոքրաթիվ ազգի տոնացույցում: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողներին հայտնեց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

 

Սուրբ Խդրի և Այլասի տոնը նշվում է փետրվարին, այն ընթանում է երեք օր ծոմապահությամբ և եզրափակվում է չորրորդ օրը' մեծ շուքով և տոնակատարություններով: Այս տարի այն մեկնարկեց փետրվարի 17-ին և եզրափակվեց երեկ:

 

«Խդր Նաբին և Խդր Այլասը մեր ազգի համար հրեշտակներ են, երազանք իրականացնող: Այս առիթով յուրաքանչյուր տարի, փետրվարի 13-ից հետո առաջին երեքշաբթիից սկսած ծոմ ենք պահում: Առաջին երեք օրը մենք հիշում ենք հանգուցյալներին, այցելում բարեկամ և ընկեր ընտանիքների, ովքեր նախորդ տարի կորցրել են իրենց ընտանիքի անդամներից մեկին: Իսկ տոնը եզրափակվում է չամուսնացած երիտասարդների աղի բլիթ ուտելով, երգով, պարով, հյուրասիրություններով»,- նշեց Ազիզ Թամոյանը:

 

Աշխարհի եզդիների միության նախագահը նաև տեղեկացրեց, որ վերջին երկու տարին բացառիկ են նրանով, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տոնը աշխարհի տարբեր ծայրերում բնակվող եզդիները նշել են նույն օրը:

 

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Սեյրան Օհանյանին, ով թույլ է տվել հայկական բանակում ծառայող եզդի տղաներին մեկ շաբաթով վերադառնալ տուն և ընտանիքի անդամների հետ նշել մեր ժողովրդի ամենակարևոր տոներից մեկը, - ասաց Ազիզ Թամոյանը:

 

Խդրը և Այլասը հիշատակված են եզդիական սուրբ ձեռագրերում, ինչպես նաև ժողովրդական լեգենդներում և բանահյուսությունում: Եզդիական պատկերացմամբ' Խդրը և Այլասը (Խդր Նաբի և Խդր Այլաս) եղել էին սուրբ հեծյալներ՝ երկու սպիտակ ձիու վրա: Առաջինը երազանքների իրականացման և սիրահարների, երկրորդը ՝ ծովում ճանապարհորդների հովանավորն է: