Հայաստանյան բանկերի ակտիվների 67%-ը պատկանում է օտարերկրյա կապիտալին։ Այս մասին նշվում է 180 երկրների բանկային համակարգերի վերաբերյալ զեկույցում, որը պատրաստել է Ամերիկյան Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն (National Bureau Of Economic Research, NBER)։
Այդ ցուցանիշով, Հայաստանի բանկային համակարգը գտնվում է աշխարհի երկրների բանկային համակարգերի առաջին հորիզոնականներում, իսկ ԱՊՀ երկրների շարքում բացարձակ առաջատար է։
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 18%, Տաջիկստանում՝ 6%, Բելառուսում՝ 27%։ Փաստորեն, մեր գովերգված ու կայացած բանկային համակարգի հիմնական տերն օտարներն են։
Այս իրողությունը միգուցե զուտ էմոցիոնալ մակարդակում կարող է դուր չգալ հայերին։ Սակայն մյուս կողմից՝ դա վատ ցուցանիշ չէ։ Դա խոսում է ՀՀ բանկային համակարգի բաց լինելու մասին։ Բացի այդ՝ օտարերկրյա կապիտալի ներգրավումն իր հետ բերում է նաև զարգացած համակարգեր ունեցող երկրների փորձն ու ավանդույթները և ձևավորում ավելի մրցակցային մթնոլորտ։ Հարկ է նաև նշել, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական դաշտի անկատարությունն ու ոչ կատարյալ դատաիրավական համակարգը, օտարերկրյա կապիտալը որոշ իմաստով պաշտպանված լինելու երաշխիք է հայաստանյան բանկերի համար։ Անգամ տեղեկություններ կան, որ հայաստանյան որոշ բանկեր, թեկուզ խորհրդանշական ծավալով, մասնակցություն են ներգրավել օտարերկրյա բանկերից կամ միջազգային կազմակերպություններից՝ իրենց ավելի ապահով զգալու համար։