Վաշինգտոնն առաջիկա օրերին կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Взгляд-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:

 

Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:

 

Սենատորներից մեկը հարց է ուղղել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար, Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովի մասին, որն անցյալ շաբաթ Վաշինգտոնում մասնակցել էր ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված գագաթաժողովին:

 

«ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կարող են սահմանվել առաջիկա օրերին»,- ասել է Քերին՝ հավելելով, որ Բորտնիկովը նույնպես կարող է հայտնվել այդ ցանկում:

 

Քերին պնդել է, թե Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող անջատողականները «ռուսական բանակի հավելումն են»: Նրա խոսքով՝ «Կիևին զենքի մատակարարումը գտնվում է ակտիվ քննարկման փոլում՝ պայմանավորված Մինսկի պայմանավորվածությունների ագրեսիվ խախտումներով»:

 

Պետքարտուղարի կարծիքով՝ «ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատժամիջոցները զգալի ազդեցություն են ունեցել ռուսական տնտեսության վրա»:

 

«Ռուսաստանն իր ընտրության հետևանքներն է կրում, այդ թվում՝ իր տնտեսության վրա»,- ասել է Քերին: