Բռնապետական Ադրբեջանի իշխանությունները, միջազգային հանրության աչքում ընկած սեփական վարկանիշի բարձրացման միակ հույս հանդիսացող ամռանը Բաքվում Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման ժամանակաշրջանի հետ կապված, հանդես են եկել զառամախտի հերթական դրսևորմամբ' Եվրոխաղերի ժամանակ բաքվեցիներին արգելվում է մահանալ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Եվրոխաղերի կապակցությամբ Բաքվի չինովնիկների զառամախտային հանձնարարությունները լրացվել են նոր օղակով: Այժմ մարդկանց արգելել են օգտագործել հոգեհանգստյան վրանները, որպեսզի դրանք…չխանգարեն տրանսպորտի շարժմանը:

 

Այս որոշման հեղինակը դարձյալ Բաքվի պետական ճանապարհային ոստիկանության վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վագիֆ Ասադովն է, ով, ըստ էության, վերածվել է Եվրոխաղերի անցկացման ժամանակաշրջանում Բաքվի «հերթապահի»:

 

Ավելի վաղ սույն չինովնիկը Բաքվում ռեստորաններին արգելել էր Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ հարսանյաց հանդեսների պատվերներ ընդունել' իր որոշումը հիմնավորելով Ադրբեջանի մայրաքաղաքի ճանապարհներին խցանումներից խուսափելու նպատակով:

 

Չի բացառվում, որ «հանճարեղ» եւ «հազվագյուտ» տրամաբանություն ունեցող ադրբեջանական չինովնիկների հաջորդ զառամախտը կլինի, ասենք' Եվրոխաղերի ժամանակ ծննդաբերությունների արգելումը, քանի որ ծննդկանների եւ նորածինների գոռոցները «կարող են բացասաբար անդրադառնալ արտասահմանցի տուրիստների անկայուն նյարդային համակարգի վրա եւ հարված հասցնել Բաքվի վարկանիշին»:

 

Եվրոպական առաջին խաղերը Բաքվում պետք է անցկացվեն հունիսի 12-28-ը: Դրանք բաղկացած կլինեն 28 մարզաձեւերից, որոնցից 16-ն օլիմպիական են: Բաքվում կխաղարկվեն մեդալների 239 հավաքածուներ: