Մենք յուրաքանչյուրս կարող ենք կյանք տալ մի նոր հայի' մեր փոքրիկ լուման բերելով «Կյանքի ծաղիկ» բարեգործական ակցիային: Փետրվարի 25-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տրվեց բարեգործական ակցիայի մեկնարկը: «Կյանքի ծաղիկ» ակցիայի նպատակն է օգնություն ցուցաբերել մայրանալու խնդիր ունեցող ընտանիքներին' «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի միջոցով: Համահայկական նախաձեռնությանը միանալու համար ցանկացողները կարող են այցելել flowersoflife.am կայքը և գնել ընդամենը 500 դրամ արժողությամբ «Կյանքի ծաղիկը»' Անմոռուկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Կյանքի ծաղիկ» ակցիայի հեղինակ-ղեկավար Քրիստինա Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր պատմությունը, որը դարձել է ակցիան նախաձեռնելու յուրահատուկ շարժառիթ: Նրա խոսքով'Հայոց ցեղասպանության հետևանքների դեմ պետք է պայքարել գործնական քայլերով ու կյանք տալ մեծ թվով հայերի' ի հիշատակ 1.5 միլիոն անմեղ զոհերի: «Ես առողջական խնդիր եմ ունեցել տարիներ առաջ ու հնարավոր էր երբեք երեխա չունենայի, ես զգացել եմ այդ դժվար պահը, երբ հոգու և սրտի դատարկությունը հնարավոր չէր ոչ մի բանով լրացնել: Բարեբախտաբար, այսօր ունեմ երեք զավակ և շնորհակալություն եմ հայտնում Աստծուն դրա համար: Այս էր պատճառը, որ ինձ մոտ առաջացավ միտքը իրականացնելու մի ծրագիր, որը կօգնի ու երեխա ունենալու բերկրանք կպարգևի վերատադրողական խնդիրներ ունեցող անապահով ընտանիքներին»,-ասաց Քրիստինա Հարությունյանը:
Երբ դիմել է «Արագիլ» հիմնադրամին, արձագանքը չի ուշացել, իսկ արդյունքը կարող է լինել շոշափելի, եթե աշխարհի բոլոր հայերը, գործարարներն ու կազմակերպությունները համախմբվեն «Կյանք տուր նոր հայի» կարգախոսի շուրջ: Ակիցայի կազմակերպիչները նշաձող են սահմանել 15 միլիոն «Կյանքի ծաղիկ» վաճառել, որով բժշկական օգնության հնարավորություն կստանա վերարտադրողական խնդիր ունեցող 6000 հազար հայ ընտանիք:
«Արագիլ» հիմնադրամի տնօրեն Սուսսաննա Գաբրիելյանը նախ շնորհակալություն հայտեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սագսյանին, քանի որ առանց նրա աջակցության հնարավոր չէր լինի ծրագիրը կյանքի կոչել:
Սուսաննա Գաբրիելյանը ներկայացրեց «Արագիլ» հիմնադրամի գործունեության արդյունքները: «1242 զույգ դիմել է ծրագրին, որոնցից 442-ը ստացել է ուղեգիր այս կամ այն բժշկական հաստատություններ: 224 զույգի մոտ բժշկական միջամտությունն արդեն ավարտել է, 112 հղիություն է գրանցվել: 61 կին ծննդաբերել է, որի արդյունքում ծնվել է 82 երեխա, 26 զույգ այս պահին սպասում է երեխայի, իսկ 25 զույգի մոտ չի ստացվել պահպանել հղիությունը»,-տեղեցրեց Սուսաննա Գաբրիելյանը:
Մեկ զույգի համար միջինում ծախսվում է 4-5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մանկաբարձ-գինեկոլոգ, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ Կարինե Թոխունցը բոլորին կոչ արեց միանալ ակցիային ու գնել մի Անմոռուկ, ինչի շնորհիվ կծնվեն հայ մանուկներ: Ակցիայի կազմակերպիչների խոսքով' արդեն կան կազմակերպություններ, որոնք միացել են բարեգործական ձեռնարկին:
«Կյանքի ծաղիկ» բարեգործական ակցիան կտևի մինչև ապրիլի 24-ը: