Չինաստանում ծնողներն իրենց դստերը 6 տարով փակել են խորդանոցում, քանի որ նրանց դուր չէր եկել աղջկա ընկերը: Միջադեպը տեղի է ունեցել չինական Հուբեյ նահանգի Ժինգանգ գյուղում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հակահիգիենիկ պայմաններում պահվող աղջկա լուսանկարները համացանցում տեղադրել է տեղաբնակ Չոու Ջենը: Նա պատմել է, որ Չժան Ցիին փակել են խորդանոցում 2009-ին այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ փորձել է փախչել տնից իր սիրեցյալի հետ:
Ծնողները հաստատում են, որ աղջկան փակի տակ են պահել անվտանգությունից ելնելով, քանի որ նա հոգեկան հիվանդ է:
Չոու Ջենը պատմել է, որ ոստիկանությունը սկսել է հետաքննել դեպքը: Նա նշել է, որ տեղի բնակիչները և իրավապահ մարմինները տեղյակ են եղել աղջկա 6 տարի շարունակ փակի տակ մնալու մասին, սակայն ծնողների ազդեցության տակ չեն բարձրաձայնել այդ մասին:
«Երբ ես վերջին անգամ այցելեցի նրան, նա պառկած էր ծղոտների կույտի վրա՝ մի քանի ծածկոցների տակ, իսկ շուրջը ուտելիքներ էին թափված»,-նշել է նա:
Աղջկա պատմության հայտնի դառնալուց հետո համացանցից հեռացվել են լուսանկարները: