Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքի Էմորիի համալսարանի հիվանդանոցի բժիշկները որոշել են արհեստական կոմայից դուրս բերել երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է հոլիվուդյան People շաբաթահանդեսը:

 

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ երիտասարդ կնոջը հունվարի 31-ին անգիտակից վիճակում հայտնաբերել էին Ատլանտայի արվարձանում իր տան լոգարանում: Հիվանդանոցում բժիշկները, փորձելով պահպանել նրա կյանքը, նրան մտցրել էին արհեստական կոմայի մեջ: Այժմ, երեք շաբաթ անցնելուց հետո, որոշում է կայացվել նրան լիովին դուրս բերել կոմայից:

 

 

«Միևնույն ժամանակ Բոբի Բրաունը միացված կմնա արհեստական շնչառության ապարատին»,- ընդգծել է հրատարակությունը:

 

 

Անցած շաբաթ Բոբի Բրաունին հսկող բժիշկներն սկսել են նվազեցնել նրա արյան մեջ ներարկվող դեղորայքի քանակը: Նրանց այժմյան որոշումը կարող է դիտվել որպես իրադարձությունների դրական զարգացում: «Նրանք ասում են, որ երիտասարդ կնոջ ուղեղն, ըստ երևույթին, հակազդում է արտաքին գրգռիչներին»,- նշել է Լոս Անջելեսի ռադիոն: