Հայ ազատագրական պայքարի հերոս Անդրանիկ Օզանյանը 1918 թվականի հունիսին իր հարվածային զորամասի հետ կտրել-անցել է Սեւանի ավազանի մի շարք բնակավայրեր: Նա մի քանի օր գտնվել է Նոր Բայազետ քաղաքում եւ Ներքին Ղարանլուղ գյուղում, որից հետո Սելիմի լեռնացքով անցել է դեպի Զանգեզուր ու Ջուլֆա՝ շարունակելով արյունահեղ կռ իվները թուրք հրոսակների դեմ: Զորավար Անդրանիկի՝ Գեղարքունիքի մարզի տարածքով անցնող երթի, անցկացրած օրերի մասին են պատմում Գավառի երկրագիտական թանգարանում պահվող հուշերը, որոնք գրի են առնվել ականատեսներից, նախորդ դարի 80-ական թվականներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի երկրագիտական թանգարանի գիտաշխատող, ականատեներից Զորավար Անդրանիկի մասին հուշերը գրառած Հասմիկ Հովեյանը, Անդրանիկն իր զորամասով Սեւանի ավազան է մտել Սեմյոնովկայի լեռնացքով: Նրա առաջին կանգառը եղել է Ծովագյուղը: Անդրանիկ ը Նոր Բայազետում հյուրընկալվել է Ազարյանների բնակարանում, ուր մնացել է 3 օր: Նա Կոլոտի Հայրապետի միջոցներով բացված դպրոցի պատշգամբից, որն այսօր արդեն ծառայում է որպես արվեստի դպրոցի շենք, բոցաշունչ խոսքեր է ասել հավաքված բազմությանը՝ հույս ու հավատ տալով հուսաբեկ, վախեցած մարդկանց: Այդ հուզիչ ճառից հետո Անդրանիկի բանակին են զինվորագրվել նորբայազետցի Սարիբեկ Հովեյանը, Արամ Զոլյանը, Սերյոժա Չիչակյանը, մի խումբ այլ քաջեր:

 

Անդրանիկի հաջորդ կանգառը եղել է Ներքին Ղարանլուղ գյուղը, որն այժմյան Մարտունի քաղաքն է: Այնտեղ եւս Անդրանիկին շուքով են դիմավորել հարյուրավոր մարդիկ, իսկ տանուտեր Դանիելի Մնացը կամ Մնացական Մելիք-Շահումյանը պատվել է Անդրանիկին հյուրասիրությամբ, հոգացել զորքի հանգիստն ու սնունդը: «Թանգարանում ստեղծել ենք Զորավար Անդրանիկի անկյունը, որտեղ պահվում են մեր կողմից գրառված հուշերը եւ այն դիմանկարները, որոնք ժողովուրդը բռնատիրության տարիներին ահով, բայց խորագույն պաշտամունքով պահպանել է իրենց տներում ու հանձնել մեզ: Մեր այցելուներին, այդ թվում եւ դպրոցական տարիքի երեխաներին ներկայացնում ենք Անդրանիկի անցած երթուղին Սեւանի ավազանով, նրա մասին պատմող հուշերը»,-նշեց Հասմիկ Հովեյանը:

Խոսրով Խլղաթյան