ՀՀ վարչապետի գլխավորությամբ կոռուպցիայի դեմ պայքարի խոհրդի ձևավորման մասին կառավարության նախաձեռնությունը չի կարող լինել արդյունավետ, և ինքը՝ խորհուրդը, գործել էֆեկտիվ, քանի դեռ չկա ինստիտուցիոնալ մոտեցում: Այս մասին հայտարարեցին մարտի 3-ին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման մասնակիցները:

 

 

Հայաստանի կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հաստատեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի և փորձագիտական հանձնախմբի ձևավորման մասին օրենքի նախագիծ, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Խորհուրդը ղեկավարելու է վարչապետը, եւ ներգրավված են լինելու ֆինանսների նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը ու պատգամավորներ: Փորձագիտական հանձնախմբում ներկայացված են լինելու նաև ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:

 

 

Փորձագետները և ընդդիմության ներկայացուցիչները թերահավատ են, որ նոր հակակոռուպցիոն մարմնի աշխատանքը կլինի արդյունավետ: Իրենց խոսքում նրանք հղում են կատարում 2004 թ.-ին ձևավորված հերթական հակակոռուպցիոն մարմնի աշխատանքին, որն «առանձնապես արդյունավետ աշխատանքով աչքի չընկավ»:

 

 

«Մեդիա կենտրոնում» կայացած «Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի ձևավորման մասին» կառավարության կողմից հաստատած օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը մասնակցում էին «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը և Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը:

 

 

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության խնդիրներին ընդհանրապես և հակակոռուպցիոն նոր խորհրդի ձևավորման անհրաժեշտությանը մասնավորապես:

 

 

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ խորհրդի ձևավորմամբ փորձ է արվում ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի համար: «Կոռուպցիայի դեմ պայքարի կառույցը բաղկացած է լինելու ոչ միայն այդ խորհուրդից, այլև ունենալու է փորձագիտական հանձնախումբ և մոնիտորինգային խումբ: Այսինքն՝ փորձ է արվում ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել, սակայն խնդիրը նրանում է, որ այս կառույցը ունենալու է խորհրդատվական բնույթ և դժվար թե կարողանա կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ հաջողություններ գրանցել», - նշեց բանախոսը:

 

 

Հոկտանյանն ընդգծեց, որ Հայաստանի կոռումպացվածության միջազգային համաթիվը 36 է (այն գնահատվում է զրոյից հարյուր սանդղակով, որից զրոն բացարձակ կոռումպացված է, հարյուրը բացարձակ մաքուր), ինչը նշանակում է, որ կոռուպցիան հայկական իրականության մեջ կրում է համակարգային բնույթ: «Բանն այն է, որ համակարգը չի կարող աշխատել առանց կոռուպցիայի», - պարզաբանեց Հոկտանյանը: Նա խնդիրը քաղաքական կամքի մեջ է տեսնում:

 

 

«Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սինգապուրը, Հարավային Կորեան, Հոնգ Կոնգը, կոռուպցիայի դեմ պայքարն ինքնանպատակ չի եղել: Նրանք դրա դեմ պայքարել են որպես երկրի տնտեսական զարգացման խոչընդոտ, այդ պատճառով էլ հասել են զգալի արդյունքների», - նշեց Հոկտանյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում չլինի հստակ տեսլական, օրինակ՝ օլիգարխիկ տնտեսական մոդելի ձևափոխումը, ապա իզուր կլինեն պայքարի արդյունավետության մասին խոսակցությունները:

 

 

Հայաստանում, հիշեցնում է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, նախկինում գոյություն ունեցել են կոռուպցիայի դեմ պայքարի նմանատիպ կառույցներ: «Հայաստանում ընդհանրապես «հակակոռուպցիա» արտահայտությունը գործածվեց 2003 թ.-ից, սակայն մինչ այսօր բացակայում է միասնական կոորդինացումը, ինստիտուցիոնալ մոտեցումը: Ներկայացված կառավարության նախաձեռնության մեջ երկու էլեմենտ է ավելացել, բայց թե ինչպիսի կապեր են լինելու, և խոհուրդը ինչեր է անելու, դեռ պարզ չէ», - նշեց Պողոսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ չի կարող ոչինչ ասել «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշման մասին, քանի որ հարցը չի քննարկվել խմբակցությունում:

 

 

Ըստ նրա' ամբողջ պրոբլեմը կայանում է նրանում, որ ստեղծվելիք խորհուրդն իրական ադմինիստրատիվ մարմին չէ: Հարցին, թե ինչ նպատակ ունի կառավարությունը' ստեղծելով այս հանձնաժողովը, եթե այն չի կարողանալու փոխել իրավիճակը, Պողոսյանը պատասխանեց, որ դրանով կառավարությունը լուծում է ինչպես աշխատատեղերի ստեղծման խնդիր, այնպես էլ իրականացնում է իմիտացիա' կապված տարիներ առաջ միջազգային կազմակերպությունների առաջ իր ստանձնած պարտավորությունների մասով:
Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանի կարծիքով էլ իմաստ չկա Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ինստիտուտներ, որոնք «ինչպես կյանքը ցույց է տվել, որ չեն գործում»:

 

 

Կառավարությունն այս պահին, ըստ Մարատ Ատովմյանի, տվյալ մոդելն ավելի արդյունավետ է համարում: Գործադիրում մտածում են. «Մի քանի տարի թող աշխատի, հետո կտեսնենք, եթե իրեն չարդարացնի, նոր լուծում կփնտրենք»: «Սակայն պետք չէ ժամանակ կորցնել և էքսպերիմենտներով զբաղվել: Ավելի ճիշտ է մասնագիտական քննարկումներ կազմակերպել: Իմաստ չկա անընդհատ նմանատիպ մարմիններ ստեղծել, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ դրանք չեն գործում: Պետք է ուղղակի ռեալ քայլեր ձեռնարկել կոռուպցիայի վերացման ուղղությամբ: Եթե ստեղծվում է կոռուպցիայի դեմ պայքարի մարմին, ապա այն պետք է լինի անկախ, ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը», - եզրափակեց նա:

 

 

Ամփոփելով քննարկումը բանախոսները կարծիք հայտնեցին, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում ռեալ դրական տեղաշարժ կգրանցվի, եթե լինի խնդրի նկատմամբ համակարգային մոտեցում և համապատասխան քաղաքական կամք: