Հայկական Վերածնունդ քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

 

«Հարգելի´ հայրենակիցներ,

 

Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի ներկա ճգնաժամը համարում ենք շատ ցավալի երևույթ, որը, սակայն, չափազանց ուսանելի է շատերիս համար:

 

Այս ճգնաժամը խիստ մտահոգում է բոլոր այն նվիրյալ հայորդիներին, ովքեր անցյալում իրենց ազնիվ ներդրումով նպաստեցին Կենտրոնական Խորհուրդի կառուցմանն ու կայացմանը, տարիներով աշխատեցին նրա տարբեր ենթակառույցներում:

 

Ներկա զարգացումները, այնուամենայնիվ, խիստ ուսանելի են բոլոր այն գործիչների և համայնքայինների համար, ովքեր լծվելու են գերմանահայության քաղաքական ապագայի կառուցման գործին: Սույն զարգացումները ակնհայտորեն հուշում են մեզ, որ պետք է դուրս գալ սփյուռքյան բազմաթիվ կարծրատիպային կոնցեպտներից և անցնել լայնակի ժողովրդավար հայեցակարգերի մշակմանն ու առավել ժողովրդավար հիմքերի վրա դնել ներկա համայնքային կառույցները:

 

Ժողովրդավար ռազմավարությունը այսօրվա հրամայականն է:

 

Հայկական Վերածնունդ Շարժումը մերժում է որևիցե տեսակի քաղաքական և կուսակցական թելադրանք Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդում և դատապարտում բոլոր այն ներքին և արտաքին ուժերին, որոնք փորձում են իրենց ազդեցության տակ պահել դեպի լայնակի ժողովրդավարության ձգտող Գերմանահայության Կենտրոնական Խորհրդը:

 

Մենք դատապարտում ենք Ազատ Օրդուխանյանի նկատմամբ սկսված վարկաբեկիչ արշավը և մեր զորակցությունը հայտնում նրա նորարարական ռազմավարությանը:

 

Խիստ ողջունելի է նրա անզիճող պայքարը թե´ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի առավելաչափ ժողովրդավարացման և թե´ Հայաստանի Հանրապետությունը հիմքից վտանգող հոռի բարքերի վերացման համար:

 

Կոչ ենք անում գերմանահայ համայնքի բոլոր անկախ անդամներին գիտակցել պահի լրջությունը և կողմորոշվել քաղաքական և կուսակցական թելադրանքների ենթարկված և անկախ Կենտրոնական Խորհորդի միջև:

 

Ժողովրդավարացումն է Գերմանահայոց Կենտրոնական Խուրհրդի գոյատևման և զարգացման միակ երաշխիքը:

 

1 դեկտեմբեր 2013թ.

 

Հայկական Վերածնունդ Շարժում՝

 

Ստորագրությամբ.

ՀՎ-Լոս Անջելեի մասնաճյուղ
ՀՎ-Փարիզի մասնաճյուղ
ՀՎ-Տորոնտոյի մասնաճյուղ
ՀՎ-Պրահայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ»: