Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում, որն անցկացվում է Երևանում, ստորագրվեց համագործակցության համաձայնագիր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և Ուղևորափոխադրումների ֆեդերալ ընկերության միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս համաձայնագրով ձեռք է բերվում պայմանավորվածություն, որ Երևանում տերմինալների միջոցով հնարավոր լինի գնել տոմսեր Ռուսաստանում գնացքով երթևեկելու համար:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ նշյալ համաձայնագրով փորձ է արվում առավել բարելավել իրենց կողմից տրամադրվող ծառայությունների որակը: «Ոչ վաղ անցյալում էր, երբ երկաթուղային ուղևորափոխադրումների տոմսերը գրվում էին ձեռքով տեղում, մի նստատեղի համար մի քանի ուղևոր վիճում էր' յուրաքանչյուրն ունենալով իրավունք այդ տեղի համար: Էվոլյուցիայի գործընթացը մեզ համար ակտուալ թեմա է: Թե ումից պետք է օրինակ վերցնեինք, իհարկե, ԱՊՀ տարածքում դա Ուղևորափոխադրումների ֆեդերալ ընկերությունն է, որը պատրաստակամություն է հայտնել փոխանցել իր փորձը:
Մենք խորհրդատվություններ ենք ստացել ընկերության ղեկավարության կողմից ու մեր համագործակցության հիմնական ողղություններն ենք նախանշել: Այս համաձայնագրի արդյունքը կտեսնեք հենց վաղը, ձեզնից յուրաքանչյուրը կարող է այստեղից տոմս գնել Ռուսաստանում ցանկացած գնացքի համար»,-ասաց Վիկտոր Ռեբեցը: Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հանձնաժողովի 15-րդ նիստն ընթանում է Երևանում մարտի 4-6-ը:
Երևանյան նիստի աշխատանքներին մասնակցում են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Մոդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղային վարչության ներկայացուցիչները:
Ուղևորափոխադրումների ոլորտի ղեկավարներին ո մասնագետները եռօրյա համաժողովի ժամանակ կքննարկեն 2014 թվականի միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների արդյունքները, Մոլդովայի և Բելառուսի միջև սակագների նվազեցման հարցը, «Էքսպրես» միջազգային համակարգի տեխնոլոգիական շահագործման փոփոխությունները:
Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խոհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին' միջպետական մակարդակով երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման ու գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար:
Խորհրդի անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստատ, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ադրբեջանը:
Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային համադաշնությունը և Իրանի Իսլամական Հանարապետության երկաթուղիները: