Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկություններ ունի, որ շուրջ 650 ծայրահեղ իսլամիստներ Գերմանիայի տարածքից մեկնել են Սիրիա և Իրաք՝ կռվելու «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը:

 

Նրա խոսքով՝ ներկայումս ընդհանուր առմամբ ուժային կառույցներին հայտնի է Գերմանիայից գրեթե 650 ջիհադականի մասին, որոնք կռվելու են մեկնել զինյալներին աջակցելու համար:

 

«Հստակ տեղեկություններ կան նաև ավելի քան 1000 անձի մասին, որոնք ազգային անվտանգության համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում»,- նշել է նախարարը:

 

2014 թվականին ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Գերմանիայից ԻՊ զինյալներին աջակցելու համար Մերձավոր Արևելք է մեկնել ավելի քան 550 մարդ: Հենց այդ ժամանակ էլ Մեզյերը հաղորդել էր, որ գերմանական իշխանությունները զգուշանում են, քանի որ ծայրահեղականները վերադառնալուց հետո հնարավոր է՝ ահաբեկչական գործողություններ իրականացնեն: