Հայտնի են դարձել մարտի 6-ի գիշերն Արցախի Պաշտպանության բանակի կողմից ոչնչացված ադրբեջանցի յոթ զինծառայողներից երեքի անունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սեփական աղբյուրները, նրանք են' շարքայիններ Զամին Ամինովը, Ալեքպեր Աբասովը և լեյտենանտ Շալալ Հասանովը։

 

Մարտի 6-ին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժն առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ' հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, Իստիգլալ, ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով շուրջ 4500 կրակոց: Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև «ԶԻԿ -23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել էին համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվորի և «ԶԻԿ -23-2» զինատեսակը:

 

Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ էին իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ հաստատված տվյալների' ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:

 

Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չէր ունեցել: