ԱՄՆ Քալոֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի խորհրդում թեկնածուների թիվը հասել է 13-ի այն բանից հետո, երբ եւս երկու մարդ ներկայացրել է անհրաժեշտ 100 ստորագրությունները, որպեսզի մասնակցի ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին: Ստորագրությունները դեռ պետք է ստուգի Լոս Անջելեսի շրջանի գրանցող մարմինը:
Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, Գլենդելի քաղաքային խորհրդում երեք տեղի համար թեկնածուներն են Արամ Կազազյանը, Սեմ Էնգել կրտսերը, Ջեֆերսոն Բլեքը, Զարե Սինանյանը, Մայք Մոհիլը, Ռոլանդ Կետիկյանը, Էդիթ Ֆուենտեսը, Ռիկ Բարնսը, Պերլիտա դել Ռեյը, Հերբերթ Մոլանոն, ինչպես նաեւ ներկայումս վերընտրվող Արա Նաջարյանն ու Լորա Ֆրիդմանը:
Քաղաքային գանձապահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարելու ցանկություն են հայտնել չորս մարդ, սակայն միակ թեկնածուն, որը տվել է մասնակցության համար անհրաժեշտ բոլոր ստորագրությունները' խորհրդի անդամ Րաֆֆի Մանուկյանն էր: Էդուարդ Ազարին, Վրեժ Գրեգ Գրեգորյանն ու Րաֆֆի Մելքոնյանը ժամանակին չեն հանձել իրենց փաստաթղթերը: Սակայն, եթե ընտրողները հաստատեն, որ գաձապահին ոչ թե ընտրեն, այլ նշանակեն, Մանուկյանն այդ տեղը չի ստանա:
Կրթության ոլորտի հետ կապված ընտրությունների թեկնածուների ցուցակը որոշվել էր անցած շաբաթ: Յոթ մարդ պայքարելու է Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի խորհրդում երեք տեղի համար, այդ թվում եւ ներկայումս պաշտոններ զբաղեցնող Քրիստինա Ուոլթերսը, Ջոյլին Վագները եւ Գրեգ Կրիկորյանը: Նրանցից բացի հավակնորդ են հանդիսանում նաեւ Դանիել Քարբերան, Ջենիֆեր Ֆրիմոնն, Արմինա Գարպետյանն ու Ալի Սադրին:
Գլենդելի համայնքի քոլեջի հոգաբարձուներ Էնն Ռանսֆորդը, Արմինե Հակոբյանը եւ Անիտա Կինյոնես Գաբրիելյանը մրցակցության չեն հանդիպի, քանի որ երեք մարդ իրենց փաստաթղթերը ժամանակին չեն ներկայացրել: