Թվային ազդանշանն ապակոդավորող սարքերը պետությունը անվճար տրամադրելու է անապահով խավերին:

 

Լրագրողների հետ մարտի 9-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը: «Մենք չենք կարող թույլ տալ այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի որևէ բնակիչ ապակոդավորող սարք չունենալու պատճառով զրկվի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Ես ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ մինչև 2015թվականի հուլիսը մենք կունենանք 100-տոկոսանոց թվային հեռարձակվող եթեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նա:

 

Նա հավելեց, որ թվային հեռարձակման հետ մեկտեղ շարունակվելու է նաև անալոգային հեռարձակումը' մինչև չլուծվի ամբողջ բնակչության թվային հասանելիության հարցը: «Ներկայումս' ՀՀ տարածքի մոտ 70 տոկոսը (400 բնակավայր) ծածկված է թվային եթերով: Բացի այդ' թվայնացման գործընթացը վերաբերում է ոչ միայն հեռուստաընկերություններին. էթվայնացվելու է ամբողջ եթերը»,-շեշտեց Մկրտչյանը:

 

Անդրադառնալով թվայնացման գործընթացի ժամանակ մարզային հեռուստաընկերությունների հնարավոր փակման խնդրին' Արմեն Մկրտչյանն ասաց հետևյալը. «Մարզային 14 հեռուստաընկերություններից միայն 3-4-ը ունեն նորմալ համայնքային սփռում: Վերը նշված հեռուստաընկերություններում համատեղ աշխատում է 50-80 մարդ, և այդ տվյալները մենք ստացել ենք: Մեզ համար յուրաքանչյուր աշխատատեղ խիստ կարևոր է, և մենք կանենք հնարավորը, որպեսզի թվայնացման գործընթացի ժամանակ չփակվի որևէ մարզային հեռուստաընկերություն»,-շեշտեց Մկրտչյանը և հավելեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲ ընկերության կայքում(www.tna.am) զետեղված են թվայնացման գործընթացի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

 

ՀՀ-ում հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը համարվում է 2009 թվականը, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը։ Թվայնացման պայմաններում աշխատելու իրավական հիմքերը սահմանվել են 2010 թվականին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» անցումային օրենքով որով 2015 թվականի հուլիսի 1-ը սահմանվել է վերջնաժամկետ՝ իրավահարաբերությունների կարգավորման համար։

 

Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են 2014 թվականի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ շվեդական «ԷՐԻՔՍՈՆ» կազմակերպության հետ։