Գայլերի սպանդը, որպես գյուղացիական տնտեսությունների և ընտանի կենդանիների վրա հարձակման դեմ պայքարի միջոց, սխալ քաղաքականության արդյունք է:

Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը:

 

 

«Մենք չունենք օրենք, որով կարողանանք առաջնորդվել գայլերի սպանդի վերաբերյալ ծագած հարցի շուրջ: Ժամանակին Ստոկհոլմում ստորագրել ենք փաստաթուղթ, որը նաև պաշտպանում է գայլերին կրակոցներից մեր երկրում ներկա պահին առկա իրավիճակում, սակայն այդ փաստաթուղթը չի վավերացվել: Այն գումարները, որոնք հատկացվում են գայլերի վերացման համար, չեն լուծում խնդիրը: Նախ գիտնականների լուրջ հետազոտության, մոնիտորինգի կարիքը կա, թե որ շրջանում ինչ իրավիճակ է», - նշեց Սիլվա Ադամյանը:

 

 

Մասնագետը հիշատակեց, որ իր գործընկերները վերջերս նամակ են հղել Գիտությունների ազգային ակադեմիա՝ հարցումով, թե ինչ են արվում Բնապահպանության նախարարության կողմից գնվող սպանված գայլերի մարմինները: Ի պատասխան' նրանց տեղեկացրել են, որ Բնապահպանության նախարարությունը և Կենդանաբանության ինստիտուտը Աբովյան քաղաքի շրջանում հատուկ հորեր են ստեղծել, որտեղ թաղում են գայլերի մարմինները, մորթին:

 

 

«Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգողը նշեց, որ իրենք նաև ստացել են տեղեկություններ, որ գայլերի մարմիններն ու մորթիները հանձնելու ժամանակ որսորդները դրանք բերում են առանց գանգերի, իսկ էգերի մոտ հանված են սեռական օրգանները: Էքստրասենսները դրանք կիրառում են կախարդաիրեր պատրաստելու համար, այդ իսկ պատճառով սև շուկայում գայլերի ժանիքներն ու իգական սեռական օրգանների գները սկսվում են 1000 ԱՄՆ դոլարից: