ՀՀ առողջապահության նախարարության և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Արաբկիր» բժշկական համալիրում մեծարվել են վաստակաշատ բուժաշխատողները:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նշել է, որ կանանց տոների առթիվ բուժաշխատողների մեծարման միջոցառումների շարքը շարունակական է լինելու:

 

 

Մասնագիտական երկարամյա, անձնվեր գործունեության համար գնահատանքի են արժանացել «Արաբկիր» բժշկական համալիրում շուրջ 40 տարի աշխատող մանկաբույժներ Ալլա Հարությունյանը, Լիլիթ Նալբանդյանը և Զեմֆիրա Սարգսյանը:

 

 

«Սրտանց շնորհավորում եմ այս դահլիճում ներկա բոլոր բուժաշխատողներին, ովքեր մանկաբույժին բնորոշ մեծահոգությամբ, բարիությամբ, գթասրտությամբ, ուշադրությամբ մշտապես կարողանում են  սփոփել երեխաների առողջության հետ կապված բոլոր խնդիրները: Այս բժշկական համալիր դիմած ծնողներն ու երեխաներն արժանանում են հոգատար և ջերմ վերաբերմունքի»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը' ավելացնելով, որ 40 և ավելի տարիների ընթացքում այս մանկաբույժներին հաջողվել է արհեստավարժորեն մի քանի սերունդների առողջություն վերադարձնել:

Արմեն Մուրադյանը բուժաշխատողներին մաղթել է նորանոր հաջողություններ և առաջին հերթին քաջառողջություն:

 

 

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Արա Բաբլոյանը ևս մեկ անգամ փաստել է, որ մանկաբույժների աշխատանքը նուրբ և քնքուշ լինելու հետ միաժամանակ ծանր է և դժվար: «Հայաստանում մի քանի հիվանդանոցներ են, որոնք ոչ միայն իրենց վրա են վերցնում հիվանդ երեխաների բուժման ամբողջ բեռը, այլև ավելին' օգնության են հասնում բարդացած դեպքերին: Այսօր ամբողջ Հայաստանի որևէ ծայրում չբուժված, անելանելի վիճակում գտնվող երեխաները տեղափոխվում են կամ «Արաբկիր» կամ «Սուրբ Աստվածամայր» բժշկական համալիր»,- նշել է Արա Բաբլոյանը:

 

 

Նա ընդգծել է, որ այսօր գնահատանքի արժանացած մանկաբույժները մեծ ներդրում ունեն ոչ միայն այս բժշկական համալիրի, այլև մեր երկրի առողջապահական համակարգի զարգացման գործում: Արա Բաբլոյանի գնահատմամբ' միջոռումների այս շարքը վկայում է այն մասին, որ բուժաշխատողները կատարում են մեկ միասնական աշխատանք հանուն հայ ժողովրդի առողջության:

 

 

Միջոցառմանը ներկա են եղել նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Դերենիկ Դումանյանը և գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: