Ստամբուլում բնակվող հայազգի Զ. Ք. անունով կինն իր հասցեին հնչեցված սպառնալիքների հետևանքով զրկվել է սեփական տնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Զ. Ք.-ն ստիպված է եղել գործը հասցնել դատարան:

 

Ամուսնուց առանձին, երեխայի հետ բնակվող ստամբուլահայ կնոջ պատմությունը սկսվել է 2010 թվականից, երբ նա սկսել է աշխատել Ազիզ Քադաքալին պատկանող մի ձեռնարկությունում: Սեփականատիրոջը որոշակի գումար պարտք տալուց հետո հայ կինը, չկարողանալով հետ ստանալ գումարի կեսը, հեռացել է նախկին աշխատավայրից և տեղավորվել մեկ այլ վայրում: Գործից հեռանալուց հետո Զ. Ք.-ն սկսել է սպառնալիքներ ստանալ Քադաքալից և դիմել է ոստիկանությանը, սակայն դա որևէ արդյունք չի տվել: Հայ կնոջ նկատմամբ սպառնալիքները շարունակվել են: Մասնավորապես սպառնացողեները նշել են. «Դու հայ ես, մենակ ես: Մենք գիտենք, թե որ դպրոցում է սովորում քո երեխան»: Այս ամենից հետո նրանց ստիպել են ստորագրել մի փաստաթուղթ, որով առանց իմանալու կինը վաճառել է սեփական տունը:

 

Ճարահատյալ Զ. Ք.-ն դիմել է դատարանին' արդարադատություն պահանջելով: Մարտի 4-ին տեղի ունեցած դատական նիստում Ազիզ Քադաքալն և նախկին աշխատավայրի աշխատողներից ևս մեկը' Սերդար Էրշահինը, ներկայացվել են որպես կասկածյալներ: Դատարանը որոշել է հարցաքննել նրանց և հետաձգել է դատական նիստը: