Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում կայացան նախագահի ընտրությունները: 2006 թվականից ֆեդերացիան գլխավորող Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվեց պաշտոնում:

Նախագահության կազմում ընտրվեցին հետևյալ անձինք' Մելիք Սանթրոսյան, Դրաստամատ Մուրադյան, Արեգ Վաթյան, Յուրա Մամիկոնյան, Արման Դավթյան, Եղիշե Դավթյան, Սուրեն Զոհրաբյան, Մհեր Բոյաջյան, Րաֆֆի Սեմերջյան, Հրաչյա Ռոստոմյան, Արթուր Նազարյան Գաբրիել Ղազարյան, Վահագն Հարությունյան: Ֆեդերացիան կունենա չորս փոխնախագահ' Գաբրիել Ղազարյան, Վահագն Հարությունյան, Սուրեն Զոհրաբյան և Արայիկ Պողոսյան:

«Բասկետբոլը մեծ մասսայականություն վայելող մարզաձև է, որն ունի բազմաթիվ խնդիրներ: Մեր երկրի սոցիալ-տնտեսական պայմանները թույլ չեն տալիս, որ մենք կարողանանք մեծ նվաճումներ արձանագրել աշխարհում, սակայն դա չի նշանակում, թե մենք չենք փորձելու առաջընթաց գրանցել: Բասկետբոլին նվիրված, մարզաձևը սիրող անձինք շարունակելու են աշխատել, որ բասկետբոլով զբաղվողների թիվն ավելանա, իսկ Հայաստանի հավաքական թիմերը հաջող հանդես գան միջազգային ասպարեզներում: Այս տարի մենք միջազգային երեք կարևոր ստուգատես ունենք: Ամռանը ասպարեզ են դուրս գալու երեք տարբեր տարիքային հավաքականներ: Մենք պարզապես մասնակցելու համար չենք մեկնելու եվրոպական երկրներ. մեզ համար արդյունքը շատ կարևոր է: Հավաքական թիմերի հաջող ելույթներն ավելի կխթանեն բասկետբոլի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում»,- Ռոստոմյանի խոսքերը փոխանցում է բասկետբոլի ֆեդերացիան:

ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը ներկաներին հայտնեց, որ նախագահության կազմի առաջին նիստում ավելի մանրամասն կքննարկվեն ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունների նախապատրաստությանը և մասնակցությանն առնչվող հարցեր: