Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի առաջատար «Hot Tours» ընկերությունը գործընկեր կազմակերպություններին է ներկայացրել 2015 թվականի ամառային հանգիստը Հունաստանում կազմակերպելու իր առաջարկը։ Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում կայացած շնորհանդեսին ներկա էին Հայաստանում և Հունաստանում գործող տուրիստական գործակալությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ։ Ինչպես անցած տարիներին, այս տարի նույնպես «Hot Tours»-ը հանդես է եկել աննախադեպ առաջարկով՝ նշելով, որ 2015-ին ավելացել են ոչ միայն տուրիստական ուղղությունները, այլև հնարավոր է դարձել հանգիստը կազմակերպել շատ ավելի մատչելի գներով։
«Ինչպես շատերդ գիտեք, այս տարի մենք էքսկլյուզիվ համագործակցության պայմանագիր ենք կնքել Հունաստանի ամենախոշոր տուրիստական օպերատորներից մեկի՝ «Mouzenidis Travel»-ի հետ, որի գլխավոր տնօրենը՝ պարոն Յորղոս Մասմանիդիսն, այսօր նույնպես գտնվում է այս դահլիճում, և բոլորս միասին հնարավորություն կունենանք պլանավորել 2015 թվականի մեր համատեղ ծրագրերը։
«Mouzenidis Travel»-ի հետ մեր համագործակցությունը նորովի է բացում Հունաստանը հայ զբոսաշրջիկների համար։ Հավատացնում եմ՝ այս տարի ձեր ընկերություններ այցելող զբոսաշրջիկներին հանգստի շատ ավելի մեծ թվով տարբերակներ կկարողանաք առաջարկել՝ վստահ լինելով, որ ձեր հաճախորդներ հնարավոր մրցակիցների մոտ այլևս ուրիշ հնարավորություններ չեն փնտրի։ Այսինքն 2015-ին թվականին աշխատելու ենք «Ոչ մի տուրիստ մրցակից պետություններին» սկզբունքով», - ասել է «Hot Tours» ընկերության տնօրեն Մխիթար Մելիք-Շահնազարյանը։
Հայաստանի Հունաստան տուրիստական ուղղությանը զարկ տալու համար ամռան ամիսներին «Hot Tours» ընկերությունը այս տարի ևս կիրականացնի Երևան-Թեսալոնիկի չարտերային թռիչքներ։ Բացի այդ, շատ շուտով կսկսի գործել Աթենք-Երևան կանոնավոր չվերթը։
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հատկապես այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայաստանի քաղաքացիները Թուրքիայում չհանգստանան։ Մենք առաջարկում ենք Հունաստանում հանգիստն անցկացնելու շատ ավելի լավ պայմաններ։ Կարևոր է, որպեսզի թուրքական ուղղությունը փոխարինվի մեր երկրի համար ավելի նախընտրելի, բարեկամական հունական ուղղությամբ։ Անցած տարիների ընթացքում այդ խնդիրը լուծելու համար մենք բավական աշխատանք ենք իրականացրել և լուրջ հաջողություններ ունեցել։ Վստահ եմ՝ 2015-ն այս առումով շատ ավելի արդյունավետ կլինի», - ասել է Մխիթար Մելիք-Շահնազարյանը։
Իր հերթոին «Mouzenidis Travel»-ի գլխավոր տնօրենը Յորղոս Մասմանիդիսը հայտարարել է, որ իրենց ընկերությունն ամեն ինչ նախապատրաստել է Հայաստանից ժամանող հյուրերին բարձր մակարդակով դիմավորելու և նրանց հանգիստը Հունաստանում լիակատար կազմակերպելու համար։ «Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի հետ համագործակցությունը։
Ուրախ եմ, որ այստեղ ունենք այնպիսի վստահելի գործընկեր, ինչպիսին «Hot Tours»-ն է։ Սա մեզ հնարավորություն է տալիս ավելի վստահ նայել ապագային և նոր ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Մասնավորապես մենք քննարկում ենք առաջիկայում Հունաստանից Հայաստան տուրիստական ուղղությունը զարգացնելու հնարավորությունը։ Հայաստանը գեղեցիկ, պատմական և մշակութային արժեքներով հարուստ երկիր է։ Վստահ եմ՝ հույները նույնպես մեծ սիրով կայցելեն Հայաստան և իրենց հանգիստը կկազմակերպեն այստեղ», - ասել է Յորղոս Մասմանիդիսը։
Այնուհետև հայկական և հունական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները աշխատանքային քննարկումն են անցկացրել, որի ընթացքում տուրիստական գործակալությունները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։ Միջոցառումն ավարտվել է հյուրասիրության սեղանի շուրջ՝ հնարավորություն ընձեռելով ներկաներին ավելի հանգիստ միջավայրում քննարկել միմյանց հետ համագործակցելու հեռանկարները։