Մեկ միլիոնից ավելի մարդ է մարտի 15-ին դուրս եկել Բրազիլիայի տասնյակ քաղաքների փողոցներ՝ մասնակցելու երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի դեմ ուղղված ցույցերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ցուցարարներից շատերը պահանջում են նախագահի իմպիչմենտ՝ նրան մեղադրելով տնտեսական ճգնաժամի եւ երկրում ընդլայնվող կոռուպցիայի մեջ: Ցուցարարները նաեւ կոչ են անում իշխանություններին՝ հանգամանալի հետաքննություն անցկացնել Petrobras նավթային կորպորացիայի շուրջ ծագած աղմկալի կոռուպցիոն գործով, որի ղեկավարը յոթ տարի եղել է Ռուսեֆը:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին. բողոքի ակցիաներ են անցկացվում երկրի 83 քաղաքներում՝ ներառյալ մայրաքաղաք Բրազիլիան: Առավել ընդգրկուն ցույցը տեղի է ունեցել Սան Պաոլո քաղաքում, որը երկրի ընդդիմադիր ուժերի պատվարն է:

 

Անցյալ տարի հայտնի է դարձել, որ մի խումբ ֆունկցիոներներ Petrobras ընկերության անունից պայմանագրեր են կնքել եւ դրա դիմաց միջնորդավճարներ ստացել գործարքի գումարի 3 տոկոսի չափով: Այդ միջոցները հետագայում օգտագործվել են քաղաքական գործիչների ու պաշտոնատարների կաշառման համար: Իշխանությունների տվյալներով՝ գների բարձրացումը եւ կաշառքները այդ ձեռնարկի հեղինակներին բերել են շուրջ 10 միլիարդ ռեալ (մոտավորապես 3,8 մլրդ դոլար):