Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով իր առողջական խնդիրների շուրջ ԶԼՄ-ներում տարածված լուրերը, հայտարարել Է, թե «առանց բամբասանքների ձանձրալի կլիներ»: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, նա ասել Է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ մարտի 16-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ընթացքում:

 

Աթամբաեւն իր կողմից նշել Է, որ Ռուսաստանի ղեկավարը գերազանց վիճակում Է, «նա ոչ միայն ոտքի վրա Է, այլեւ մեքենա Է վարում»:

 

«Հենց նոր Վլադիմիր Վլադիմիրովիչը ինձ մեքենայով պտտեցնում Էր տարածքում: Սա ասում եմ, որպեսզի բամբասանքներ չլինեն»,-հավելել Է Ղրղզստանի նախագահը:

 

Մարտի 11-ին Reuters-ը հաղորդել Էր, որ Ռուսաստանի նախագահը, հնարավոր Է, հիվանդացել Է եւ այդ կապակցությամբ չի հայտնվում հանրության առջեւ: Բացի այդ, գործակալության վարկածով, այդ պատճառով Էր հետաձգվել Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Աստանայռում պլանավորված հանդիպումը: