Սիրված երգչուհի Իրինա Ալեգրովայի հայաստանյան համերգը ապրիլի 6-ին տեղի չի ունենա: «Ֆորպոստարտ» ընկերությունը մարտի 16-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգը հնարավոր կլինի անցկացնել միայն մայիսի 23-ին:

 

 

Ընկերության տնօրեն Ալեքսանդր Տոլստելյովը տեղեկացրեց, որ երգչուհին առողջական խնդիրներ է ունեցել և իսկապես ժամանել է Հայաստան, սակայն նրա առողջական վիճակը Հայաստանում վատթարացել է:

 

 

«Շոու բիզնեսում մեխանիզմ կա՝ վեց ամիս առաջ են պայմանավորվում անցկացվելիք համերգի մասին. նախնական 50 տոկոսը վճարում են համաձայնության ժամանակ: Մյուս 50 տոկոսը՝ ելույթից մեկ ամիս առաջ է վճարվում, և այս առումով ամեն ինչ արվել էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ալեքսանդր Տոլստելևը:

 

 

Նրա խոսքով՝ Իրինա Ալեգրովայի գրաֆիկը դեռևս մեկ տարի առաջ է լրացված, իսկ մարզահամերգային համալիրում ապրիլին անցկացվելու են այլ միջոցառումներ, և համերգն այդ ժամանակ հնարավոր չէ անցկացնել:

 

 

«Իմպերիալ Պալաս» հյուրանոցի տնօրեն Տիգրան Սանասարյանը հավաստիացրեց, որ Ալեգրովան իրոք հանգրվանել է հյուրանոցում և մարտի 8-ին լուսադեմին դուրս է գրվել:

 

 

Ընկերության պրոդյուսեր Զառա Մխեյանն իր խոսքում նշեց, որ համերգը պետք է անպայման կայանա: «Այն մարդիկ, ովքեր ցանկանում են վերադարձնել իրենց տոմսերը, պետք է նամակ գրեն կազմակերպության պաշտոնական՝ [email protected] հասցեին, և մենք կտեսնենք, թե տոմսերը գնված են եղել, թե հրավիրատոմսեր են եղել, և ըստ այդմ կվերադարձնենք գումարները: Քանի որ տոմսարկղերը պատասխանատու չեն և իրավասություն չունեն, մեր համերգների գումարներն այնտեղ չեն գտնվում:

 

 

Մենք դեմ չենք, որ տոմսերը վերադարձնեն, բայց պետք չէ տոմսարկղերին ահաբեկել: Թող գրեն մեզ, մենք կամրագրենք, թե քանի հոգու պետք է հետ վճարենք, կհայտարարենք օրը, որ համալիրի դրամարկղում գան և ստանան գումարները»,-նշեց Զառա Մխեյանը՝ հավելելով, որ մինչև վերջին րոպեն Իրինա Ալեքսանդրովնան ցանկանում էր բարձրանալ բեմ: Կազմակերպիչները ներողություն խնդրեցին համերգի հանդիսատեսից և նշեցին, որ ավելի ուշ Հայաստանում հանդես կգան Սոսո Պավլիաշվիլին        (մայիսի 2-ին), իսկ այնուհետև Վալերի Լեոնտևը, Եվգենի Պլյուշչենկոն, ինչպես նաև Գրիգորի Լեպսը: Միջոցառումների անցկացման ժամկետները հստակեցվում են:

 

 

Ի դեպ, ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև Իրինա Ալեգրովայի տեսաուղերձը, որում Ալեգրովան ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների համար: «Բազմաթիվ ասեկոսեներ են պտտվում համերգի շուրջ: Հայաստան գալուց երեք օր առաջ ես վարակվել էի, իսկ այստեղ շատ լավ բժիշկներ են ինձ բուժել և ոտքի կանգնեցրել: Ես շատ տխրել էի և շտապեցի հայտարարել որպես նոր ժամկետ ապրիլի 6-ը: Այսօր տեխնիկական հարցերը լուծվել են, համերգի վերջնական ժամկետը մայիսի 23-ն է: Մեր հանդիպումն անպայման տեղի կունենա: Ես ձեզ շատ եմ սպասում: Մենք մարդ ենք, և ամեն ինչ կարող է պատահել: Սպասում եմ, սիրում և հույս ունեմ, որ մեր հանդիպումը բոլորիս ուրախություն կբերի»,-իր տեսաուղերձում նշել է երգչուհին:

 

 

Իրինա Ալեգրովայի նոր համերգային ծրագիրը կոչվում է «На бис»: Նա երևանյան համերգի ընթացքում կներկայացնի իր ճանաչված և մեծ սեր ու ժողովրդականություն վայելող հիթերը:

 

 

Երգչուհի Իրինա Ալեգրովան ծնվել է 1952 թ. Դոնի Ռոստովում: Հայրը եղել է հայ' Ալեքսանդր Սարկիսովը, ով երիտասարդ տարիներին ազգանունը փոխել է և դարձել Ալեգրով: 1961թ. երգչուհին ընտանիքով տեղափոխվել է Բաքու: Սովորել է երաժշտական դպրոցում և Բաքվի կոնսերվատորիայում: 1970 թ. երգել է Երևանում' Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1975թ. տեղափոխվել է Մոսկվա:

 

 

Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոնների և արժանացել առաջնակարգ մրցանակների: 2002 թ. արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչման: Մասնակցել է բազմաթիվ հեռուստա նախագծերի, մեծարման երեկոների, եղել է միջազգային երաժշտական փառատոնների ժյուրիի անդամ: 2010 թ. արժանացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչմանը: 2012 թ. հանդես է եկել բեմական հրաժեշտի համերգային շրջագայությամբ, որի ընթացքում համերգներ է ունեցել Ռուսաստանում, Հայաստանում, ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: